Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանն ընդլայնում է հարաբերությունները Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի հիման վրա

Իրանի քաղաքական կուսակցությունների պալատի ղեկավար Քոդրաթալի Հեշմատիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը միշտ զարգացրել է իր համագործակցությունը Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի ու առանց միմյանց գործերին միջամտելու սկզբունքի հիման վրա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը։

Հեշմատիանը Թեհրանում հանդիպում է ունեցել Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության միջազգային կապերի բաժնի ղեկավար Լյու Ջիանչաոյի և նրա գլխավորած 12-հոգանոց պատվիրակության հետ։ Նա ընդգծել է, որ Իրանը և Չինաստանն ընդլայնել են երկկողմ փոխգործակցությունը «Մետաքսի ճանապարհի» ակտիվացումից հետո։

Իրանցի պաշտոնյան հիշեցրել է նաև երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի այն հայտարարությունը, որ Իրանը երբեք չի մոռանա Չինաստանի հետ  համագործակցությունը, երբ իր նկատմամբ կոշտ պատժամիջոցներ էին սահմանված։

Չինացի պաշտոնյան իր հերթին կարևորել է չինական և իրանական կողմերի միջև հարաբերությունների 20-ամյա պատմությունը` կոչ անելով հետագայում նույնպես սերտ համագործակցություն հաստատել երկու կողմերի միջև։

#Դետքի_հետագծով

Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետությունը և Չինաստանը դինամիկ կերպով զարգացնում են երկկողմ համագործակցությունը։ Այդ փոխգործակցության արդյունքում Իրանը վերջերս պաշտոնապես անդամակցեց Չինաստանի գլխավորած Շանհայի համագործակցության կազմակերպությանը, որը երկրին թույլ կտա զգալիորեն մեղմել արևմտյան պատժամիջոցների բեռը։

Add new comment