Submitted by G.Avetisyan on
7854

Ստացվում է, որ 10 հազար հոգի հա՛մ չի ծառայում, հա՛մ չի դատվում, հա՛մ փող չի տալիս. Հայկ Կոնջորյան

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կարծում է, որ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ գումարի դիմաց ազատվելու քրեական պատասխանատվությունից, հետևանքների վերացման դեմ է պայքարում։

«Այս պահի դրությամբ շուրջ 10 հազար քաղաքացի կա, որ գտնվում է հետախուզման մեջ, այդ մարդիկ բանակում չեն ծառայել, հետևաբար, նշանակում է, որ այդ մարդիկ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, բայց այդ 10 հազարից մոտ 4-5 հոգին են ենթարկվել քրեական պատասխանատվության։ Ստացվում է, որ 10 հազար հոգի հա՛մ չի ծառայում, հա՛մ չի դատվում, հա՛մ փող  չի տալիս»,- News.am-ի փոխանցմամբ՝ նշեց Կոնջորյանը։

Նա Հայկ Սարգսյանին կոչ արեց առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագծի շուրջ քննարկումներ ունենալ թե՛ պատգամավորների, թե՛ կառավարության գործընկերների հետ։

«Հարցն էմոցիոնալ է»,- ասաց Կոնջորյանը։

Հիշեցնենք, որ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոխությունների նախագծի հեղինակը ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն է, որն առաջարկել է 27 տարին լրացած ու պարտադիր զինծառայություն չանցած զինծառայողներին հնարավորություն տալ անցնելու պարտադիր զինծառայություն` խուսափելով քրեական հետապնդումից հետևյալ կարգավորումներից մեկն ընտրելով`

-երկու տարի ուղղակի ծառայելով,
-մեկ տարի ծառայելով ու 2.5 մլն դրամ մուծելով ՀՀ պետբյուջե,
-վեց ամիս ծառայելով և պետբյուջե վճարելով 5 մլն դրամ,
-մեկ ամիս ծառայելով` վճարելով 10 մլն դրամ,
-չծառայելով ու վճարելով 15 մլն դրամ։

 

Add new comment