Ստացվում է, որ 10 հազար հոգի հա՛մ չի ծառայում, հա՛մ չի դատվում, հա՛մ փող չի տալիս. Հայկ Կոնջորյան
ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կարծում է, որ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ գումարի դիմաց ազատվելու քրեական պատասխանատվությունից, հետևանքների վերացման դեմ է պայքարում։
«Այս պահի դրությամբ շուրջ 10 հազար քաղաքացի կա, որ գտնվում է հետախուզման մեջ, այդ մարդիկ բանակում չեն ծառայել, հետևաբար, նշանակում է, որ այդ մարդիկ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, բայց այդ 10 հազարից մոտ 4-5 հոգին են ենթարկվել քրեական պատասխանատվության։ Ստացվում է, որ 10 հազար հոգի հա՛մ չի ծառայում, հա՛մ չի դատվում, հա՛մ փող չի տալիս»,- News.am-ի փոխանցմամբ՝ նշեց Կոնջորյանը։
Նա Հայկ Սարգսյանին կոչ արեց առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագծի շուրջ քննարկումներ ունենալ թե՛ պատգամավորների, թե՛ կառավարության գործընկերների հետ։
«Հարցն էմոցիոնալ է»,- ասաց Կոնջորյանը։
Հիշեցնենք, որ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոխությունների նախագծի հեղինակը ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն է, որն առաջարկել է 27 տարին լրացած ու պարտադիր զինծառայություն չանցած զինծառայողներին հնարավորություն տալ անցնելու պարտադիր զինծառայություն` խուսափելով քրեական հետապնդումից հետևյալ կարգավորումներից մեկն ընտրելով`
-երկու տարի ուղղակի ծառայելով,
-մեկ տարի ծառայելով ու 2.5 մլն դրամ մուծելով ՀՀ պետբյուջե,
-վեց ամիս ծառայելով և պետբյուջե վճարելով 5 մլն դրամ,
-մեկ ամիս ծառայելով` վճարելով 10 մլն դրամ,
-չծառայելով ու վճարելով 15 մլն դրամ։
Ավելացնել նոր մեկնաբանություն