Հայաստանն ու Ադրբեջանը կարողացան զարմացնել աշխարհին իրենց դրական օրակարգով. Հիքմեթ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը «BBC World»-ին տված հարցազրույցում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են զարմացնել աշխարհին իրենց դրական օրակարգով:
«Ռազմական հակամարտությունն ավարտվել է: Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և վերջ դրեց իր տարածքների 30-ամյա ռազմական օկուպացիային: Ադրբեջանն առաջարկել է խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքներն ու տեքստը։ Ներկայումս դիվանագիտական բանակցություններ են ընթանում կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- հայտնել է Ալիևի օգնականը։
Նա հիշեցրել է, որ վերջերս՝ դեկտեմբերի 7-ին, երկու երկրները նախագահի աշխատակազմի և վարչապետի գրասենյակի միջոցով համատեղ հայտարարություն են արել խաղաղության օրակարգն առաջ մղելու մտադրության, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների մասին։
Հաջիևը նշել է, որ վերջին երեք տարիներին հայ-ադրբեջանական հարաբերությունները եղել են վատթարագույնը երկու երկրների անկախության պատմության մեջ, իսկ հիմա այս ժամանակաշրջանը կարելի է համարել ամենահանդարտը և խաղաղը:
«Հարաբերական խաղաղությունն ապահովված է, հիմա ժամանակն է այն վերածել երկարաժամկետ խաղաղության, Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության օրակարգին»,- հավելել է Բաքվի բռնապետի օգնականը:
Add new comment