Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանը կպատասխանի Իսրայելին՝ Սիրիայում իր խորհրդականի սպանության համար. Քանաանի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանն Իսրայելի գործողությունները գնահատում է որպես ահաբեկչական ակտ, որի հետևանքով Սիրիայում զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդական Սեյեդ Ռազի Մուսավին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Քանաանին միևնույն ժամանակ Իսրայելի գործողությունները որակել է որպես վախկոտ. «Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում կատարելու անհրաժեշտ պատասխան քայլեր հարմար ժամանակ և անհրաժեշտ տեղում»։

Իրանցի պաշտոնյան պնդել է, որ Իսրայելի անպատժելիությունը խնդիրներ է առաջացնում ողջ աշխարհի համար։ Նրա խոսքով՝ Իսրայելի գործողություններից դժգոհ են անգամ այն երկրները, որոնք վերջինիս անվերապահ աջակցություն են ցուցաբերում։

Նշենք, որ օրեր առաջ Դամասկոսում Իսրայելի հրթիռային գրոհի հետևանքով զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդական Սեյեդ Ռազի Մուսավին։ Դամասկոսում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին նշել է, որ Իսրայելը երեք հրթիռով հարվածել է այն տանը, որտեղ ապրել է խորհրդականը։

Add new comment