Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել պետական սահմանին
«Մենք կարող ենք հանդիպել չեզոք երրորդ երկրում կամ հայ-ադրբեջանական պետական սահմանին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով նախարարության տարվա ամփոփման ճեպազրույցում։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
Նրա խոսքով` Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովն արդեն երկու հանդիպում է ունեցել սահմանին:
«Սկզբունքորեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն ու պատվիրակությունները կարող են հանդիպել պետական սահմանին՝ պայմանով, որ նրանք որևէ լարվածություն չստեղծեն։ Նման առաջարկ է հնչել մեր կողմից։ Ինչ վերաբերում է այն Ադրբեջանում կամ Հայաստանում անցկացնելուն, ապա ինչո՞ւ ոչ։ Վաղ թե ուշ դա էլ կտեսնենք»,- նշել է նա:
Բայրամովը վտանգավոր է համարում Հայաստանի ուղարկած առաջարկների և իրենց պատասխանների մանրամասների բացահայտումը։
Add new comment