Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են ռուս-իրանական նոր համաձայնագրի նախապատրաստման հարցը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խոսել են միջպետական նոր համաձայնագրի նախապատրաստման ընթացքից և երկկողմ համագործակցության մի շարք հարցերից։ «Նախարարները քննարկել են նոր միջպետական համաձայնագրի նախապատրաստման ընթացքը և երկկողմ համագործակցության մի շարք գործնական հարցեր առևտրատնտեսական, տրանսպորտային, նյութատեխնիկական ապահովման և այլ ոլորտներում»,- ասվում է հայտարարության մեջ։
Աբդոլլահիանն ու Լավրովն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, համագործակցության և երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի որոշ հարցերի։ Վերջիններս մտահոգություն են հայտնել մասնավորապես Եմենում տիրող իրավիճակի կապակցությամբ և դատապարտել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից այդ երկրի նկատմամբ իրականացվող հարձակումները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հեռախոսազրույց էին ունեցել նաև Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Մոհամմադ Ռեզա Աշտիանին ու Սերգեյ Շոյգուն։
#Դետքի_հետագծով
Ռուսաստանը և Իրանը նախատեսում են երկկողմ միջպետական հարաբերությունները նոր հարթություն տեղափոխել և այդ նպատակով առաջիկայում համաձայնագիր կստորագրեն։ Այս երկրներին մերձեցրել է հատկապես արևմտյան պատժամիջոցների դեմ մղվող պայքարը, որոնք վերջին տարիներին աննախադեպ թափ են ստացել։
Add new comment