Submitted by A.Gevorgyan on
jaua

Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվել են ընտրախախտումներով

Ադրբեջանում այսօր մեկնարկած արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունն ուղեկցվել է ընտրախախտումներով:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Meydan.tv» կայքը:

Ադրբեջանցի լրագրող Լիդա Աբբասլիին այսօր առավոտյան թույլ չեն տվել նկարահանել ընտրատեղամասում:

«Առանց հարցնելու՝ լրատվական կազմակերպությունից եմ, թե ոչ, ինձ ասացին, որ չեմ կարող նկարահանել, և դուրս հանեցին: Ասացի, որ լրագրող եմ, նկարահանելու թույլտվություն պետք չէ ստանալ, ուշադրություն չդարձրին»,- նշել է լրագրողը:

Լրատվամիջոցների ոլորտի իրավաբան Ալասգար Մամեդլին նշել է, որ լրագրողին ընտրատեղամասից հեռացնելն անօրինական վարքագիծ է, քանի որ Ադրբեջանում ընտրություններին ԶԼՄ-ների մասնակցությունը կարգավորվում է Ընտրական օրենսգրքով։ 

«Բացի դրանից՝ ընտրություններում հիմնական սկզբունքը թափանցիկությունն է. ընտրությունը գաղտնի գործընթաց չէ, որպեսզի լրագրողներին թույլ չտան լուսաբանել դրա ընթացքը»,- նշել է նա:

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովն այսօր դիմել է լրագրողներին և հորդորել չվարանել լուսաբանել ընտրատեղամասերում իրենց հանդիպած խնդիրները: 

Նարիմանով-Նիզամի-Բինագադի շրջանի 19-րդ ընտրատեղամասում լրագրողներին արգելել են նկարահանումներ կատարել՝ պատճառաբանելով ԶԼՄ-ների ռեգիստրում գրանցում չունենալը։ 

Սաբունչիի ընտրատարածքի թիվ 19 տեղամասում նույնպես լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքը։

ԿԸՀ-ն հայտնել է, որ լրատվամիջոցների ռեգիստրում գրանցումը պարտադիր չէ, որպեսզի լրագրողները հետևեն ընտրությունների ընթացքին։

Հաղորդվում է նաև, որ այսօր ինտերնետ կապի խնդիրներ են եղել: «Meydan.tv»-ի աշխատակիցները Բաքվի թիվ 310 և 80 դպրոցների ընտրատեղամասերում բախվել են նույն խնդրին։ Ըստ նրանց՝ «WhatsApp»-ով հնարավոր չէ ոչ միայն ընտրատեղամասերում, այլ նաև տարածքից դուրս տեսագրություններ, ձայնագրություններ ուղարկել: 

Ադրբեջանի ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ Իլհամ Ալիևն ու նրա ընտանիքի անդամները գրանցված են Բաքվում, սակայն նրանք քվեարկել են օկուպացված Ստեփանակերտում:



 

Add new comment