Ադրբեջանցի Քամիլ Զեյնալըն ազատ է արձակվել և վերադառնալու է Բաքու
«Քամիլ Զեյնալըն ազատ է արձակվել: Նա այսօր կվերադառնա Բաքու»,- այս մասին հայտնել է Քամիլ Զեյնալըի փաստաբան Ալաքբար Գարաևը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալության մոսկովյան թղթակիցը:
«Ադրբեջանական պետության աջակցությամբ Քամիլ Զեյնալըն այսօր կվերադառնա Ադրբեջան։ Հատկապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը, անձամբ Փոլադ Բյուլբյուլօղլուին։ Իսկապես նրանք մեծ աշխատանք կատարեցին»,- ասել է փաստաբանը:
Նշենք, որ ՀՀ ՆԳՆ-ում տեղեկացրել են, որ Զեյնալըի հանդեպ հայտարարվել է հետախուզում սպանության մեղադրանքով, բայց չեն նշել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Սակայն, ոչ պաշտոնական տվյալներով, Զեյնալըն մեղադրվում է ծերունու դաժան սպանության մեջ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Կադրերը տարածվել են համացանցում։
Մարդասպան հանցագործը 2020 թվականին հանդես է եկել հայերի գլուխը կտրելու, արյունը հեղելու կոչերով:
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը շարունակում է ընդգծված քաղաքականությունը՝ սատարել հանցագործություն կատարած ադրբեջանցի քաղաքացիներին, հատկապես երբ խոսքը հայերի հանդեպ ոճրագործության մասին է:
Հիշեցնենք, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված, ապա արտահանձնված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ընդունել էին ինչպես ազգային հերոսի: Այս քայլը նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: Ադրբեջանական պնդման համաձայն` այդկերպ իբրև միշտ ուշադրության կենտրոնում են պահել ազգային ոգով տոգորված հայրենասերներին:
Ադրբեջանը չի դադարեցրել իր ջանքերը և ակտիվորեն շարունակում է հերոսացնել ու խրախուսել հակահայկականությունը, սերմանել հային սպանելու և մշտապես հալածելու գաղափարները:
Հ.Գ.: Նկարում փաստաբանն է:
Add new comment