Submitted by D.Guyumjyan on
detq

ԱՄՆ-ն իրանական ընկերությունների դեմ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի հետ համագործակցության համար

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է՝ ԱՄՆ-ն շուտով նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Առաջիկա օրերին մենք լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանենք Իրանի դեմ և պատրաստ ենք ավելի հեռուն գնալ, եթե Իրանը բալիստիկ հրթիռներ վաճառի Ռուսաստանին»,- ասել է նա։

Քիրբին նշել է, որ թեև ԱՄՆ-ն փաստեր չունի Թեհրանի կողմից Մոսկվային բալիստիկ հրթիռներ մատակարարելու վերաբերյալ, Վաշինգտոնը պատրաստ է այդ թեման քննարկման ներկայացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում․ «Մենք այս հարցը քննարկման  կներկայացնենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանենք»։

Ամերիկացի պաշտոնյան հավելել է՝ միջազգային հանրության արձագանքը կլինի «արագ և կոշտ»։

#Դետքի_հետագծով

Ուկրաինայում հակամարտության մեկնարկից ի վեր Կիևը և նրա արևմտյան դաշնակիցները պարբերաբար մեղադրում են իրանական կողմին ՌԴ-ին սպառազինություն մատակարարելու մեջ։ Իրանը մշտապես հերքել է նման մեղադրանքները՝ նշելով, որ պատերազմող կողմերից ոչ մեկին սպառազինություն չի մատակարարում։

 

Add new comment