Արևմուտքը դատապարտել է Իսրայելի դեմ Իրանի հարձակումը
Արևմտյան մի շարք երկրներ դատապարտել են Իսրայելի դեմ Իրանի հարձակումը։ Այս մասին գրում է «Ազատությունը»։
Եվրամիությունը խստորեն դատապարտում է Իսրայելի դեմ Իրանի անընդունելի հարձակումը, հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Սա աննախադեպ էսկալացիա է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար»,- X-ում գրել է Բորելը։
Իրանի հարձակումը դատապարտել և Իսրայելին աջակցություն է հայտնել պաշտոնական Լոնդոնը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Իրանի հարձակումն Իսրայելի դեմ անխոհեմ է որակել և շեշտել, որ Միացյալ Թագավորությունը «կշարունակի պաշտպանել Իսրայելի անվտանգությունը և տարածաշրջանի մեր բոլոր գործընկերներին»։
Պաշտոնական Փարիզը ևս վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը։
«Նման աննախադեպ գործողությունների դիմելով՝ Իրանը նոր սահմանագիծ է անցնում իրավիճակի ապակայունացման իր գործողություններում և մեծացնում ռազմական էսկալացիայի վտանգը»,- հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։
Նիդեռլանդները հայտարարել է, որ Իրանի հարձակումից հետո իրավիճակը Մերձավոր Արևելքում «շատ մտահոգիչ է»:
Վարչապետ Մարկ Ռյուտեն X-ում գրել է, որ ավելի վաղ Նիդեռլանդները և «մյուս երկրները բարձրաձայն ու հստակ ասել են Իրանին զերծ մնալ Իսրայելի վրա հարձակվելուց»:
Add new comment