Արևմուտքը  դատապարտել է  Իսրայելի դեմ Իրանի հարձակումը

Արևմուտքը դատապարտել է Իսրայելի դեմ Իրանի հարձակումը

Արևմտյան մի շարք երկրներ դատապարտել են Իսրայելի դեմ Իրանի հարձակումը։ Այս մասին գրում է «Ազատությունը»։

Եվրամիությունը խստորեն դատապարտում է Իսրայելի դեմ Իրանի անընդունելի հարձակումը, հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Սա աննախադեպ էսկալացիա է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար»,- X-ում գրել է Բորելը։

Իրանի հարձակումը դատապարտել և Իսրայելին աջակցություն է հայտնել պաշտոնական Լոնդոնը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Իրանի հարձակումն Իսրայելի դեմ անխոհեմ է որակել և շեշտել, որ Միացյալ Թագավորությունը «կշարունակի պաշտպանել Իսրայելի անվտանգությունը և տարածաշրջանի մեր բոլոր գործընկերներին»։

Պաշտոնական Փարիզը ևս վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը։

«Նման աննախադեպ գործողությունների դիմելով՝ Իրանը նոր սահմանագիծ է անցնում իրավիճակի ապակայունացման իր գործողություններում և մեծացնում ռազմական էսկալացիայի վտանգը»,- հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։

Նիդեռլանդները հայտարարել է, որ Իրանի հարձակումից հետո իրավիճակը Մերձավոր Արևելքում «շատ մտահոգիչ է»:

Վարչապետ Մարկ Ռյուտեն X-ում գրել է, որ ավելի վաղ Նիդեռլանդները և «մյուս երկրները բարձրաձայն ու հստակ ասել են Իրանին զերծ մնալ Իսրայելի վրա հարձակվելուց»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն