Թուրքական անօդաչու ուղղաթիռը հնարավորություն կունենա վայրէջք կատարելու ռազմանավերի վրա
Թուրքական արտադրության առաջին անօդաչու «ALPİN» ուղղաթիռը հնարավորություն է ունենալու թռիչք և վայրէջք կատարելու ռազմանավերի վրա։ Այդ նպատակով համագործակցության արձանագրություն է ստորագրվել թուրքական «Titra Teknoloji»-ի և «Airbus»-ի միջև։
Այս մասին գրում է «Ermenihaber» լրատվական գործակալությունը:
«Anadolu» լրատվական գործակալությունը զրուցել է «Titra Teknoloji»-ի գործադիր տնօրեն Աբդուլքադիր Շեների հետ։ Նրա խոսքով՝ «ALPİN»-ը գոհացուցիչ արդյունքներ է գրանցել մարտական առաջադրանքների ժամանակ։ Թուրքիայի զինուժն առաջին անգամ այն օգտագործել է Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններում։
Նշվում է, որ Թուրքիան այլ երկրներից այս արտադրանքի հետ կապված առաջարկներ է ստացել։
«Նավի վրա ուղղաթիռի վայրէջք կատարելը բարդ նախագիծ է, որը մենք մտադիր ենք իրականացնել «Airbus»-ի հետ միասին։ Այդ նպատակով մենք համագործակցության արձանագրություն ենք ստորագրել»,- ասել է ընկերության տնօրենը։
Շեները նաև նշել է, որ «Titra Teknoloji»-ն ծրագրում է ապագայում համատեղ նախագծեր իրականացնել «Airbus»-ի հետ։
Add new comment