Իրանի հրթիռային ծրագիրը պաշտպանական է. Իրանի ԱԳՆ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Իրանի հրթիռային ծրագիրն իր բնույթով պաշտպանական է։ Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Քանաանին այս մասին ասել է՝ մեկնաբանելով հրթիռային ծրագրի վերաբերյալ Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունները։
«Նման հայտարարությունները չեն նպաստում Իրանի և եվրոպական կողմերի միջև խնդիրների և տարաձայնությունների լուծմանը։ Իրանի հրթիռային ծրագիրն իր բնույթով պաշտպանական է՝ հիմնված երկրի օրինական իրավունքների և միջազգային կանոնների վրա, և կապ չունի պատժամիջոցների վերացման բանակցությունների հետ»,- ասել է Քանաանին:
Նա նաև հայտնել է, որ Իրանը խստորեն կպատասխանի երկրի ազգային անվտանգության դեմ ուղղված ցանկացած գործողության։ Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դիմակայում է բոլոր սպառնալիքներին և սպառնացող կողմերին։
ԱԳՆ խոսնակը հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկվի Իրանի ազգային անվտանգության դեմ ուղղված Իսրայելի ցանկացած արարքի համար, քանի որ ԱՄՆ-ն սիոնիստական ռեժիմի դաշնակիցն է։
Add new comment