ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային նաև Թրամփի օրոք․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վստահ է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, եթե անգամ այդ երկրում իշխանության վերադառնա նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին դաշինքի պաշտոնյան ասել է բրիտանական «Sky News» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ստոլտենբերգի համոզմամբ՝ Ուկրաինային աջակցելը բխում է ԱՄՆ-ի և Եվրոպայի շահերից։
«Ես համոզված եմ, որ ինչպես եվրոպական դաշնակիցները, այնպես էլ ԱՄՆ-ն կշարունակեն աջակցել Ուկրաինային, քանի որ դա համապատասխանում է մեր շահերին անվտանգության ոլորտում։ Ես սպասում եմ, որ ԱՄՆ-ն շարունակի դա անել՝ անկախ նոյեմբերյան նախագահական ընտրությունների ելքից»,- նշել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ պատերազմում Ռուսաստանի հաղթանակը ողբերգություն կդառնա Ուկրաինայի համար, ուստի անհրաժեշտ է շարունակել Կիևին ցուցաբերվող աջակցությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, որ Սպիտակ տուն վերադառնալու դեպքում կտրուկ կկրճատի Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալները և 24 ժամում վերջ կդնի այդ երկրում ընթացող պատերազմին։
Add new comment