detq

Իրանում վաղը կկայանա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը․ այսօր լռության օր է

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետությունում այսօր լռության օր է, իսկ վաղը՝ հուլիսի 5-ին, կկայանա արտահերթ նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։  Այս մասին «‎Դետք»-ը տեղեկանում է իրանական լրատվամիջոցներից։

Հաղորդվում է, որ այսօր Իրանի ընտրական շտաբը նախագահի 2 թեկնածուներին, կուսակցություններին, քաղաքական շարժումներին, նրանց կողմնակիցներին առաջարկել է ձեռնպահ մնալ ագիտացիոն որևէ միջոցառումից, ինչպես նաև չկրել ագիտացիոն որևէ սիմվոլիկա քվեարկության օրը։

Այս շաբաթվա ընթացքում, որը հատկացվել էր նախընտրական քարոզչության համար, թեկնածուների միջև կայացել է հեռուստաբանավեճերի երկու փուլ։

Իրանում անցկացված վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն՝ բարեփոխիչների թեկնածու, ծագումով թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը շարունակում է մնալ ընտրապայքարի առաջատարը։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Իրանում կայացել է արտահերթ նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Ընտրություններում թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել ստանալ ձայների կեսից ավելին, ուստի Իրանի նախագահի ընտրությունը տեղափոխվեց 2-րդ փուլ, որտեղ նախագահի պաշտոնի համար պայքարում են բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանը և պահպանողական Սայիդ Ջալիլին։
 

Add new comment

From the author