Զինվորի համազգեստով խրտվիլակը՝ Գյումրիում. հայ զինվորի կերպարը դիտավորյա՞լ է վարկաբեկվում
Գյումրիում ՀՀ զինված ուժերի համազգեստով խրտվիլակ է հայտնվել` մարդկանց շրջանում առաջացնելով վրդովմունք և բարկություն: Հայ զինվորի կերպարը, որը մշտապես եղել է մեր ժողովրդի ազգային արժեհամակարգի առանցքային կերպարներից մեկը, ուժի և հաղթանակի մարմնավորումը, այսօր դիտավորյալ վարկաբեկվում է: Եվ սա առաջին դեպքը չէ:
Նախորդ տարի «Դետք»-ը անդրադարձել էր այն խայտառակ միջադեպին, երբ Երևանում առաքման ծառայություններից մեկի աշխատակից հնդիկ տղամարդը աշխատանքի ժամանակ կրում էր ՀՀ ԶՈՒ նախշերով զինվորական համազգեստ: Ավելի ուշ Հնդկաստանի քաղաքացի առաքիչը դեպքի հետ կապված գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ այդ բաճկոնը գնել է «կիրակնօրյա շուկայից» ու չի իմացել, որ որևէ վատ բան է արել։
Մենք հարց էինք բարձրացրել` արդյո՞ք այդ և նմանօրինակ այլ դեպքերը չեն նշանակում, որ նպատակային արժեզրկվում են զինվորականի համազգեստն ու կերպարը: Այս դեպքերը գալիս են ապացուցելու այդ ենթադրության իրավացիությունը:
Հայ զինվորն ու սպան հաղթանակով են պսակել ազգային բանակի ծնունդը, հաղթել են, երբ պարտությունը թվացել է անխուսափելի, երբ հաղթանակը հավասար է եղել հրաշքի։ Հաղթել են խաղաղ բանակաշինության տարիներին, կառուցել են, զորացրել, կատարելագործել։ Մեր երկրի անվտանգության առաջին երաշխավորը զինվորի ոգին է, բարոյականությունը, հայրենասիրությունը, քաջությունը։ Ծաղրելով զինվորին` մենք խարխլում ենք այդ ամբողջը, թուլացնում մեր անվտանգության հիմքերը: Մեզ փորձում են համոզել, թե հայ զինվորը թույլ է և չի կարող մեզ պաշտպանել, փորձում են վախի մթնոլորտ ստեղծել:
Եվ մինչ Հայաստանում ակտիվ քարոզչություն է տարվում զինվորի կերպարը նսեմացնելու և բանակի հիմքերը թուլացնելու ուղղությամբ, թշնամի պետությունը հաղթանակի այգի է կառուցում: Կարծում ենք` կարիք չկա բացատրելու այս ամենի հետևանքները:
Add new comment