75240

Լավ չէ հանրությանը համոզել, թե կանոնակարգը կապում է Ադրբեջանի ձեռքը. քաղաքագետ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ բադալյանը գրում է. «Կա մտայնություն, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ստորագրված կանոնակարգը՝ սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ, այսպես ասած կապում է Ադրբեջանի ձեռքը եւ թույլ չի տալիս «լեգիտիմ ագրեսիա» իրականացնել Հայաստանի հանդեպ:

Այդպիսի գնահատականը, ներեցեք իհարկե, բայց ըստ իս խոսում է իրավիճակի քաղաքական գնահատման անհամարժեքության մասին: Կանոնակարգը ընդամենը սահմանում է սահմանազատման ու սահմանագծման գործընթացի այսպես ասած ընդհանուր սկզբունքներ, որոնք իրենց զգալի մասով ոչ միայն չունեն կոնկրետություն եւ որոշակիություն, այլ նույնիսկ թողնում են սահմանային տարբեր հատվածներում տարբեր մեկնաբանությունների բավականին մեծ դաշտ:

Օրինակ: Կանոնակարգում նշվում է, որ չկա կոնկրետ քարտեզ եւ օգտագործվելու են վերաբերելի բոլոր քարտեզները: Սա նշանակում է, որ առնվազն տեսականորեն հավանական է իրավիճակ, երբ սահմանային կոնկրետ հատվածում կլինեն տարբեր մոտեցումներ, կողմերի՝ փաստարկային տարբեր քարտեզներ ու որոշումներ: Իսկ այդպիսի իրավիճակներում չկա ճիշտ ու սխալ, այդպիսի իրավիճակում կա ուժի գործոն: Հետեւաբար, այդ օրինակն իսկ բավարար է արձանագրելու համար, որ կանոնակարգը ոչ միայն ձեռք կապող չէ, այլ նույնիսկ կարող է լինել ձեռք արձակող:

Սա նշանակու՞մ է, որ ավելի լավ է առանց կանոնակարգի: Իհարկե ոչ: Առանց կանոնակարգի ավելի լավ չէ: Բայց, լավ չէ հանրությանը համոզել, թե կանոնակարգը կապում է Ադրբեջանի ձեռքը: Եվ այդպես չէ նույնիսկ Ալմա Աթայի հռչակագրի առնչությամբ:

Նախ, չնայածծ նշվում է դրա մասին, սակայն այստեղ կա երկու հանգամանք: Ալմա Աթայի հռչակագիրը սահմանների վերաբերյալ պարունակում է շատ ընդհանրական, վերացական մի ձեւակերպում՝ «հարգելով գոյություն ունեցող սահմանները»: Եվ սա մեկնաբանել այնպես, թե իբր սահմանում է, որ ԽՍՀՄ վարչական սահմանները դառնում են պետական սահման, մեղմ ասած գուցե ցանկալին իրականության տեղ մատուցել է, ոչ ավելի:

Երկրորդ, ինչպես ապրիլի 19-ի հայտարարության մեջ, այդպես էլ կանոնակարգում հստակ առկա է վերապպահումը, որ՝ խաղաղության պայմանագրով այլ սկզբունքի շուրջ համաձայնության գալու դեպքում Ալմա Աթիի փոխարեն կկիրառվի այլ սկզբունք: Իսկ այստեղ խնդիրը լոկ այն չէ, որ սկզբունքը կարող է փոխվել: Այստեղ խնդիրը, եւ թերեւս բուն խնդիրն այն է, որ իրավական փաստաթղթում այդ վերապահման առկայությունը Ադրբեջանի համար առնվազն հիմք է հարաբերական դիտարկել Ալմա Աթիի սկզբունքը, քանի դեռ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ եւ դրա շուրջ ընթանում են քննարկումներ:

Այդպիսով, մեկնաբանությունները, թե կանոնակարգը կապում է Ադրբեջանի ձեռքը, տեղին չեն ելնելով հենց կանոնակարգի բովանդակությունից:

Մինչդեռ, կան ընդհանրապես պատերազմի ու խաղաղության ռեգիոնալ քաղաքական, աշխարհաքաղաքական եւ աշխարհտնտեսական էական ասպեկտները, ըստ էության ցանկացած փաստաթղթի հանդեպ դոմինանտ ասպեկտները»:

 

Add new comment

From the author