jıı

Ադրբեջանն ընդլայնում է ռազմական համագործակցությունը

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Յակսիլիկովի հետ, որը Ադրբեջան էր այցելել «ADEX 2024»  ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։

Հանդիպմանը նշվել է, որ երկրների միջև երկկողմ ռազմական համագործակցությունը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա, ընդգծվել է, որ պաշտպանության ոլորտում համագործակցությունը ծառայում է երկու բանակների էլ ավելի հզորացմանը։ Քննարկվել են Ադրբեջանի և Ղազախստանի միջև ռազմական համագործակցության ներկա իրավիճակը և  հեռանկարները։ Ադրբեջանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2025 թվականի երկկողմ ռազմական համագործակցության պլան, իսկ ազգային պաշտպանության համալսարանների միջև` հուշագիր։

Զաքիր Հասանովը հանդիպել է նաև Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոսետտոյի հետ։  Նրանք քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի և Իտալիայի միջև համագործակցության ներկա վիճակն ու հետագա զարգացումը։ 

Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպումներում հատուկ շեշտվել է տեխնոլոգիական նորարարությունների կիրառմամբ համատեղ արտադրության ավելացման կարևորությունը։ Երկու հանդիպումների ավարտին ստորագրվել են ռազմատեխնիկական համագործակցության մի քանի պայմանագրեր։

Նկարը՝ Ղազախստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպումից

Add new comment

From the author