Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա. փոխվարչապետ

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Տավուշում սահմանազատման հարցը բավական քննարկված է, այդ թվում` հանրայնորեն: Գործընթացն ամբողջությամբ հրապարակային է` թե´ իրավական մասը, թե´ փաստացի կատարումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով` այդ գործընթացն ամբողջությամբ օրինական է. «Եթե դուք ուշադիր կարդաք ապրիլի 18-ի արձանագրությունը և ստորագրված կանոնակարգը, դուք կզգաք, որ որևէ հակասություն չկա գործընթացում:

Սահմանազատման գործընթացի և դրա իրականացման շուրջ պայմանավորվածությունների հիմնական նպատակն այն է, որ բոլոր նմանատիպ խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ, իրավական լուծում ստանան:

Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա: Դեռ պետք է կանոնակարգի հետ կապված ներպետական ընթացակարգերն ավարտենք»,- ասել է փոխվարչապետը:

Հարցին՝ Ադրբեջանի հետ քննարկումներում ՀՀ սուվերեն տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը շոշափվե՞լ է, նա պատասխանել է. «Չեմ կարող հիմա մեկնաբանություններ տալ, որովհետև ունենք հաստատված աշխատակարգ, որը ենթադրում է` մեկնաբանությունները պետք է լինեն սիմետրիկ, գրավոր և հրապարակային: Առանձին մեկնաբանություններ չեմ տալու»:

Add new comment

From the author