ցղս

Ռազմարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ Ռազմարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 27-ին հրավիրված նիստի ընթացքում քննարկման ներկայացնելով ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ինչպես հայտնում են ԱԺ-ից, նախաձեռնությամբ կկանոնակարգվեն ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նախագծերի ներկայացման և հաստատման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակում գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) արդյունքների փորձարկումների և դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները:

Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա առավել արագ և դյուրին ընթացակարգով ԳՀՓԿԱ արդյունքներով ստեղծված նոր ռազմական ապրանք կամ գույք տրամադրել իրավասու պետական մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության նպատակով օգտագործելու համար:

Հարակից զեկուցմամբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշել է, որ նախագծի անհրաժեշտությունը վաղուց է եղել: Նա ընդգծել է, որ ռազմարդյունաբերողների հետ հանդիպումների ընթացքում մշտապես բարձրաձայնվել են օրենսդրական բացերը, որոնք այս օրինագծով կլուծվեն:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Նշենք, որ նախքան նիստի մեկնարկը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը:

 

 

Add new comment

From the author