Հս. Կորեան շուրջ 11.000 զինվոր է ուղարկել ՌԴ՝ պատերազմին մասնակցելու համար. Ուկրաինայի հետախուզություն
Ուկրաինայի հետախուզության տվյալներով՝ մոտ 11.000 հյուսիսկորեացի զինվոր վարժանքներ է անցկացնում Ռուսաստանի արևելյան շրջաններում՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը «The War Zone»-ին ասել է, որ այդ զորքերը պատրաստ կլինեն մասնակցել ռազմական գործողություններին արդեն նոյեմբերի 1-ի դրությամբ։
Բուդանովի խոսքով՝ ԿԺԴՀ-ի հետևակային զորքերը կօգտագործեն ռուսական տեխնիկա և զինամթերք։ Սպասվում է, որ 2600 զինվորից բաղկացած առաջին ստորաբաժանումը կուղարկվի ՌԴ Կուրսկի շրջան, որտեղ ներխուժել են ուկրաինական զորքերը, և կօգնի ռուսական կողմին դուրս մղել հակառակորդի ուժերը:
Ըստ հետախուզության պետի՝ առայժմ անհասկանալի է, թե ուր է գնալու հյուսիսկորեական զորքերի մնացած մասը։
«Այս պահին մենք չունենք ամբողջական պատկերը»,- մեջբերում է «The War Zone»-ն Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչության ղեկավարի խոսքերը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն մտադիր է ընդհանուր առմամբ 10.000 զինվոր ուղարկել ՌԴ՝ մասնակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին։
Add new comment