Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ողջունել է Արդարադատության միջազգային դատարանի վճիռները
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ողջունել է Արդարադատության միջազգային դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճիռները, որոնցով Դատարանն ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները և բավարարել է Հայաստանի ներկայացրած առարկությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճիռները, որոնցով Դատարանը ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի շրջանակում ներկայացված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով և բավարարեց Հայաստանի ներկայացրած առարկությունները Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով:
Դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 22-րդ հոդվածով նախատեսված պայմանները պահպանվել են: Մասնավորապես, Հայաստանը բանակցել է բարեխղճորեն կոնվենցիայի կիրառման և մեկնաբանման շուրջ, և Հայաստանի կողմից գանգատ ներկայացնելու դրությամբ՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, բանակցությունները ձախողված են եղել:
Դատարանը նաև ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի նախնական առարկությունները, որոնք վերաբերում էին Դատարանի առարկայական իրավազորությանը (ratione materiae): Մասնավորապես, Դատարանն արձանագրեց, որ Հայաստանի պահանջները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի սպանություններին, խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքի դեպքերին, ինչպես նաև ազատազրկումներին և բռնի անհետացումներին, բխում են կոնվենցիայից:
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով Դատարանը բավարարեց իր՝ ժամանակային և առարկայական իրավազորության վերաբերյալ Հայաստանի նախնական առարկությունները: Արդյունքում, Ադրբեջանի պահանջներն ընդդեմ Հայաստանի, որոնք վերաբերում են 1996 թվականի սեպտեմբերի 15-ից առաջ` Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ընթացքում և դրանից անմիջապես հետո տեղի ունեցած ենթադրյալ խախտումներին, ինչպես նաև ենթադրյալ բնապահպանական վնասներին, մերժվեցին ամբողջությամբ։ Դատարանը նաև անդրադարձել է Հայաստանի առարկությանը, որը վերաբերում էր Ադրբեջանի ներկայացրած՝ ականապատումների և պայթուցիկների վերաբերյալ պնդումներին և արձանագրել է, որ Ադրբեջանը ականապատումների վերաբերյալ առանձին պահանջ չի ներկայացրել, հետևաբար ներկայացված առարկությունը առարկայազուրկ է: Հայաստանը կվիճարկի և կապացուցի այդ պնդումների անհիմն լինելը գործի ըստ էության քննության փուլում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Add new comment