Խանդանյան

Ապաշրջափակման հարցով առաջարկներ ենք ներկայացրել Բաքվին. Սարգիս Խանդանյան

 Ապաշրջափակման հարցով Բաքվին առաջարկներ ենք ներկայացրել, սպասում ենք արձագանքի:

 Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Չեմ կարող մանրամասնել, բայց, ընդհանուր առմամբ, առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և այն պատկերացումներից, որոնք ՀՀ կառավարությունը ներկայացրել է այս վերջին տարիներին։ Առաջարկների հիմքում այդ երկու սկզբունքներն են՝ ինքիշխանությունը և իրավազորությունը»։

 Խանդանյանը նաև նշեց, որ իր տեղեկություններով՝ Բաքվից դեռևս գրավոր արձագանք չի եղել։

 Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է վարչապետը հայտարարում, որ հնարավոր է փոխադարձ ընդունելի լուծումներ լինեն, եթե Բաքվից դեռ արձագանք չկա՝ Խանդանյանը պատասխանեց.«Այն խոսակցությունից, որը տեղի է ունեցել Կազանում և այնտեղ, ենթադրում եմ, որ որոշակի դետալներ քննարկվել են։ Շատ ճիշտ եք նշում, դրանից հետո հնարավոր է լինի փոխընդունելի լուծում։ Երբ արձագանքը ստանանք, այդ «հնարավոր»-ն ավելի նյութական կդառնա»։

Խանդանյանի խոսքով՝ այս առաջարկն առանձին է ուղարկվել, և այն չի ներառվել Խաղաղության պայմանագրում:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ ռազմավարական գործարք կնքելու հայտարարության մասին, Խանդանյանը նշեց, որ դրանք նույն սկզբունքներն են, որի մասին խոսում են և որոնք «Խաղաղության պայմանագրի» բանակցությունների, ապաշրջափակման շուրջ խոսակցությունների, սահմանազատման բանակցությունների հիմքն են.«Այս կոնտեքստում շատ կարևոր է ապաշրջափակման կտորը, քանի որ ապաշրջափակման դեպքում տեղի են ունենալու շարժեր՝ կոմունիկացիոն, լոգիստիկ, որոնք օգուտներ են բերելու ինչպես ՀՀ-ին, այնպես էլ Ադրբեջանին»։

 Լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ռազմավարական գործարք կնքել, եթե այդ ամենն արդեն «Խաղաղության պայմանագրում» կա՝ պատգամավորն արձագանքեց.«Ռազմավարական գործարք ասելիս՝ խոսքը փաստաթուղթ կնքելու մասին չէ, այլ այդ բոլոր բանակցություններին և քննարկվող իրողություններին  այնպիսի տրամադրություն հաղորդելն է, որոնք փոխշահավետ կլինեն»։

Եթե վարչապետը փոխշահավետ լուծման մասին է խոսում, կարելի՞ է համարել, որ Բաքուն հրաժարվել է միջանցք պահանջելու մտքից՝ Խանդանյանը պատասխանեց.«Ես կարծում եմ, որ պետք է սպասենք Ադրբեջանի արձագանքին, հետո նոր եզրահանգումներ անենք։ Ինչպես գիտեք՝ Հայաստանի համար նման լուծումներն անընդունելի են։ Երբ խոսում ենք փոխշահավետ լուծման մասին կամ փոխադարձաբար ընդունելի լուծման մասին, դա բացառում է որևէ միջանցքային տրամաբանություն»։

Add new comment