Հայաստանի ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականությունը վտանգավոր է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի «COP29» կլիմայի համաժողովի շրջանակում նոյեմբերի 17-ին Բաքվում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին:
Բաքվի բռնապետը պնդել է, որ իր երկիրը հավատարիմ է և աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին՝ միաժամանակ չմոռանալով մեղադրել Հայաստանին, որը, ըստ նրա, «օկուպացիա և ռազմական ագրեսիա է իրականացրել» 30 տարի շարունակ։
«Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի կողմից իրականացվող ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականությունը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար, և նշել, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար կարևոր է վերացնել Հայաստանի Սահմանադրության մեջ եղած՝ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները։ Նա հայտարարել է, որ Հայաստանը սահմանադրական հիմունքներով չպետք է տարածքային պահանջներ ունենա Ադրբեջանից»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Add new comment