Հարավային Կովկասի գործընթացներն ազդում են Իրանի անվտանգության վրա․ Իրանի նախկին ՊՆ
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին Թեհրանում մասնակցել է Իրան-Ադրբեջան ռազմական և պաշտպանական համագործակցության հանձնաժողովի չորրորդ նիստին։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Աշտիանին շեշտել է, որ ժողովուրդների միջև խոր կապերի առկայությունը նպաստում է երկկողմ համագործակցության մակարդակի բարձրացմանը։
«Հարաբերությունների և փոխգործակցության շարունակվող միտումը երկրների միջև հարթակ է ծառայում նրանց հաջողության համար՝ երկրների նպատակների և ազգային շահերի շրջանակում համագործակցության բարենպաստ ընդլայնման համար»,- ասել է նա։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ Ադրբեջանը կարևոր տեղ է զբաղեցնում Իրանի պաշտպանության և արտաքին քաղաքականության մեջ։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասն Իրանի համար անվտանգության հարցերում կարևոր դեր է խաղում։
«Այս տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և գործընթացները, անկասկած, ազդեցություն ունեն Իրանի անվտանգության վրա»,- եզրափակել է Աշտիանին։
Add new comment