Սպիտակ տունը հաստատում է՝ Կիևին թույլատրել են հարվածել ՌԴ խորքում գտնվող թիրախներին
Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին պաշտոնապես հաստատել է՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի համար վերացրել է ATACMS բալիստիկ հրթիռների օգտագործման սահմանափակումները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
«Հենց հիմա նրանք հնարավորություն ունեն օգտագործելու ATACMS հրթիռներ՝ հրատապ անհրաժեշտության դեպքում ինքնապաշտպանության համար: Եվ հիմա դա տեղի է ունենում Կուրսկի և Կուրսկի շրջանի մոտ»,- ասել է Քիրբին երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին արևմտյան մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ Բայդենի վարչակազմը թույլատրել է ուկրաինացիներին ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կողմից հյուսիսկորեացի զինվորականների օգտագործման։ Այս հայտարարություններին, սակայն, պաշտոնական, հրապարակային հաստատում չէր եղել։
Կրեմլը հայտարարել էր, որ ամերիկյան սպառազինությամբ Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների խոցման սահմանափակումները վերացնելով՝ Վաշինգտոնը սրում է պատերազմը Ուկրաինայում։
Add new comment