Զելենսկին պատրաստ է դադարեցնել հակամարտությունն առանց տարածքների վերադարձի․ ԶԼՄ
Ուկրաինայում ռազմական գործողությունների «թեժ փուլը» կարող է ավարտվել, եթե երկիրը միանա ՆԱՏՕ-ին՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին «Sky News»-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Եթե ցանկանում ենք դադարեցնել պատերազմի թեժ փուլը, պետք է ՆԱՏՕ-ի «հովանոցի» ներքո ծածկենք Ուկրաինայի այն տարածքը, որը գտնվում է մեր վերահսկողության տակ»,- ասել է նա։
Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ դա պետք է արագ արվի, և Ուկրաինան կկարողանա դիվանագիտական ճանապարհով վերադարձնել կորցրած տարածքները։
Զելենսկին նշել է, որ եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, Ուկրաինան և նրա վերահսկողության տակ գտնվող շրջանները կդառնան ՆԱՏՕ-ի անդամ, իսկ կորցրած տարածքների վրա կտարածվի դաշինքին միանալու հրավեր։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 23-ին «Reuters»-ը հայտնել էր, որ Ուկրաինան կորցրել է Ռուսաստանի Կուրսկի մարզում գրաված տարածքների ավելի քան 40%-ը։
«Bloomberg»-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Զելենսկին «ՆԱՏՕ-ի հովանոցի» մասին իր հայտարարությամբ տվել է մինչ օրս ամենաակնհայտ ազդանշանը, որ պատրաստ է Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտին առանց տարածքների վերադարձի։
Add new comment