Ինչ է Արցախը ըստ Նիկոլ Փաշինյանի. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը գրում է. «2024թ. դեկտեմբերի 3-ին Հայաստանի Ազգային Ժողովում Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իր «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը, որը նա հնչեցրել է 2019թ. օգոստոսի 5-ին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, մասնավորապես, ասել է.
«2018 թվական, կամ 17 թվական, կամ 16 թվական. Ղարաբաղը ի՞նչ է, Ղարաբաղը անկախ պետությո՞ւն ա, չէ, որովհետև անկախ պետությունը ունի իրա ատրիբուտը: Մինչև հիմա մեր բարեկամներն էլ, ոչ բարեկամներն էլ ասում են՝ եթե տենց էր, ճանաչեիք: Ընդ որում, որ մեզ վերագրվում ա դավաճանական բան, դրանից առաջ ես պատգամավոր եմ էղե, էս դահլիճում ընդդիմության կողմից մի քանի անգամ նախաձեռնություններ ա եղել, որ ճանաչենք: Մենք ասել ենք՝ չէ, Ղարաբաղը անկախ պետություն չի: Շատ լավ, Ղարաբաղը Ադրբեջա՞ն ա, չէ, Ղարաբաղը Ադրբեջան չի, որովհետև ով ասեր, որ Ղարաբաղը Ադրբեջան է, պարզ է, թե ինչ բանի կարձագանքեր: Ղարաբաղը Հայաստա՞ն ա, չէ, Ղարաբաղը Հայաստան չի: Լավ ժողովուրդ, Ղարաբաղը անկախ չի, Հայաստան չի, Ադրբեջան չի, ի՞նչ ա, Ղարաբաղը ի՞նչ ա բա: … Այնուամենայնիվ, ինչ է տեղի ունեցել 2019 թվականին և ինչքանով է դա ճիշտ և ընդհանրապես էն քաղաքականությունը, որը մենք վարել ենք, կամ լավ, որը ես վարել եմ, ինչքանով ա ճիշտ եղել էդ քաղաքականությունը և ինչքանով սխալ: …Եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հարցը… ևս ինը ամիս ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ, եթե մոռանանք, որ խնդրի ձևակերպումը ի սկզբանե արդեն սխալ էր: Եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու շանս ստանալու առումով, ես պիտի ասեմ, որ էն քաղաքականությունը, որ մենք վարել ենք և վարում ենք ոչ թե ճիշտ է կամ սխալ է, այլ միակ հնարավոր տարբերակն էր և միակ հնարավոր տարբերակն է էսօր, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս:»:
Մեջբերվածից պարզվում է, որ չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե պատրաստվում է պարզաբանել իր «Արցախը Հայաստան է և վերջ» հայտնի հայտարարությունը, սակայն իր հետագա խոսքում այդպես էլ չի պարզում հիշյալ հայտարարության իմաստն ու բովանդակությունը:
Փոխարենը մեջբերվածից հայտնի է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետությունը ճանաչել է օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի կազմում, որպեսզի ստանա Հայաստանի Հանրապետությունը պահելու շանս:
Սակայն, իրականությունը ճիշտ հակառակն է: Արցախի Հանրապետությունը ճանաչելով Ադրբեջանի կազմում՝ Նիկոլ Փաշինյանը կտրուկ նվազեցրել է աշխարհի քաղաքական քարտեզի վրա Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության, գոյություն ունենալու հնարավորությունները:
Այս մասին անառարկելիորեն վկայում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից մոտավորապես 200 քառակուսի կիլոմետրի օկուպացիայի փաստը, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից գրեթե ամենօրյա ռեժիմով հնչող ապօրինի ծավալապաշտական հռետորաբանությունը՝ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան համարելու վերաբերյալ:
Մինչդեռ, երբ գոյություն ուներ Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանի խոսույթում Հայաստանին ուղղված ծավալապաշտական ակնարկ անգամ չկար:
Ի դեպ, Արցախի Հանրապետությունը օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի կազմում ճանաչելու գնով Հայաստանի Հանրապետությունը պահելու շանս ունենալու գաղափարը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր չէ: Այն ունի առնվազն 16 տարվա վաղեմություն:
Դեռևս 2008թ. իր հրատարակած «Երկրի հակառակ կողմը» գրքի 289-290-րդ էջերում Նիկոլ Փաշինյանը, մասնավորաբար, գրել է. «…ես հիշեցի Աղդամը: Երեխաներս վազվզում են ավերակ տների արանքում, ես ու կինս մի բլուրի վրա կանգնած նայում ենք դեպի արեւելք: Սա անսովոր զգացողություն է. կանգնած ենք մի հողի վրա, որտեղ տեր ու տնօրենը հայ զինվորն է, ու այդ հողը դաշտավայր է, իսկական դաշտավայր, ու այդ տեղից երեւում է անսահմանը: …Սիրտը ուզում է, ուզում է, որ դաշտավայրը իրենը լինի,… ուղեղը ասում է` մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, եւ առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել` հանուն խաղաղության (ընդգծումն իմն է – Ս. Հ.-Ջ.): …դաշտավայրը վերջանում է, ուրեմն Հայաստանն է սկսվում:»:
Մեջբերվածն անառարկելիորեն վկայում է այն մասին, որ առնվազն 16 տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը եղել է այն կարծիքին, որ Արցախը պետք է «վերադարձնել» (ըստ Նիկոլ Փաշինյանի – Ս. Հ.-Ջ.) Ադրբեջանին, որպեսզի հնարավոր լինի պահել Հայաստանը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի «Ղարաբաղը անկախ պետությո՞ւն է, չէ, որովհետև անկախ պետությունն ունի իր ատրիբուտը:» վերոնշյալ հայտարարությանը, ապա այս մասին էլ հարկ է նշել հետևյալը:
Արցախի Հանրապետությունը, ունենալով իշխանության ավանդական ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, լիարժեքորեն բավարարել է մերօրյա պետությանը ներկայացվող պահանջներին:
Այսպես, համաձայն 1933թ. դեկտեմբերի 26-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ընդունված «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» կոնվենցիայի 1-ին հոդվածի՝ պետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, պետք է ունենա հետևյալ որակները՝ ա) մշտական բնակչություն, բ) որոշակի տարածք, գ) կառավարություն, դ) այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն:
Տեսնենք, թե որքանով է Արցախի Հանրապետությունը բավարարել նշված որակներին:
ա) մշտական բնակչություն
Համաձայն Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկության՝ 2015թ. դեկտեմբերի 1-ի մարդահամարի տվյալներով Արցախում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 146.260 մարդ:
բ) որոշակի տարածք
Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքը կազմում է ավելի քան 12.000 քառակուսի կմ: Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած չորս ագրեսիոն պատերազմների (1991թ., 2016թ., 2020թ., 2023թ.) հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված ամբողջ տարածքը:
գ) կառավարություն
Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության՝ Արցախի Հանրապետությունն ունի կառավարություն: 1991թ. անկախության հռչակումից ի վեր Արցախի Հանրապետությունում կազմակերպվել և անցկացվել են 6 նախագահական, 7 խորհրդարանական, 9 տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ և 2 սահմանադրական հանրաքվե: Չնայած միջազգային չճանաչվածությանը՝ բոլոր ընտրությունների և հանրաքվեների ժամանակ ներկա են եղել նաև միջազգային դիտորդական առաքելություններ:
դ) այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն
Սույն կետի իրականացման համար առաջնահերթորեն պետք է հիմք ընդունել օտարերկրյա պետությունների հետ Արցախի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունների հաստատումը դրանից բխող հետևանքներով: Այս իմաստով Արցախի Հանրապետությունը 1992թ. ապրիլից սկսած Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև համաշխարհային քաղաքականության մեջ քաղաքական եղանակ ստեղծող պետություններում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում, Ավստրալիայում հիմնել է մշտական ներկայացուցչություններ, որոնց թիվը հասնում էր յոթի:
Միջազգային հարաբերությունների մեջ մտնելու Արցախի Հանրապետության կարողության մասին են վկայում նաև Հայաստան-Արցախ հարաբերությունները, ԱՄՆ-ի կողմից ուղիղ ֆինանսական աջակցությունն Արցախին, Արցախի հարաբերությունը չճանաչված կամ մասնակի ճանաչված այլ պետությունների հետ և այլն:
Ինչպես տեսնում ենք, Արցախի Հանրապետությունը լիովին բավարարել է Մոնտեվիդեոյի կոնվենցիայի 1-ին հոդվածի՝ պետության, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, իրավաբանական սահմանմանը:
Իսկ Մոնտեվիդեոյի կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն էլ՝ պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների ճանաչումից: Նույնիսկ նախքան ճանաչումը պետությունն իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունն ու անկախությունը: Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը լիարժեքորեն ապահովել է Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու անկախությունը:
Այսպիսով, հիմնվելով վերոնշյալ փաստերի ու փաստաթղթերի հիման վրա կատարված վերլուծության վրա՝ կարող ենք պնդել, որ ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշը հերթական անգամ ստել և մոլորեցրել է հանրությանը»:
Add new comment