«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի մեջլիսի նախագահ
Թուրքիայի մեջլիսի նախագահ Նուման Քուրթուլմուշը Անկարայում՝ Ադրբեջանի մեջլիսի ախագահ Սահիբա Գաֆարովայի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը կդառնա համագործակցության և անվտանգության միջանցք՝ ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև արտատարածաշրջանային այլ պետությունների համար։ «Դետք»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
«Անկարան «Զանգեզուրի միջանցք»-ի նախագծի շուտափույթ իրականացման հույս ունի, որը կարևոր տարանցիկ կետ կդառնա համաշխարհային առևտրի համար։ Մենք կշարունակենք համակողմանի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին այդ նախագծի շրջանակներում»,- ասել է նա։
Թուրք պաշտոնյայի համոզմամբ՝ «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը բխում է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:
«Հույս ունենք, որ «Զանգեզուրի միջանցք»-ը կդառնա խաղաղության միջանցք։ Թուրքիան և Ադրբեջանը գործադրում են բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար»,- եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պնդել էր՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։
Add new comment