ՀՀ բանակ

Հայաստանի Հանրապետության բանակի ակունքներում. Հայոց բանակը 33 տարեկան է

 

Պատմությունը մեզ սովորեցնում է, որ այն ազգն է անվտանգ, իսկ պետությունը կենսունակ, որն ունի կարգապահ և մարտունակ բանակ: Դեռ Հայաստանի առաջին հանրապետության պետականության  կայացման հիմքում ընկած էր սեփական ազգային բանակի ստեղծումը: Անկախության 2,5 տարիներին ունեցել ենք չորս  ռազմական նախարարներ՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան /1873-1937/, գեներալ-մայոր Քրիստափոր Արարատյան /1876-1937/, Ռուբեն Տեր Մինասյան /1882-1951/, Դրաստամատ Կանայան (Դրո) /1883-1956/: Արդեն 1920թ. հունվարին հանրապետության զորքի թիվը հասնում էր 25 հազարի, աշնանը` թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի, այդ թվում` 33 գեներալ և 2000-ից ավելի սպա: Կարսում ստեղծվել էր ռազմական օդանավակայան, որտեղ  տեղակայվել էին Ֆրանսիայից բերված օդանավեր, իսկ 1920թ. սեպտեմբերին Սևանա լճում  փորձարկվեց «Աշոտ Երկաթ» ռազմանավը։

 

1919 թ. մայիսի 26-ին  ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը, 1920թ. հունիսի 2-ին՝ «Սուրբ Վարդան Զորավար» ու «Մեծն Տրդատ» շքանշանները:

Առաջին հանրապետության անկումից հետո հայերը շարունակեցին աչքի ընկնել ռազմական գործում խորհրդային բանակի կազմում։ Հայ զինվորականները նշանակալի մասնակցություն ցուցաբերեցին Երկրորդ Աշխարհամարտին (1939-1945) ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և դաշնակից այլ երկրների բանակների ու պարտիզանական ջոկատների կազմում: Պատերազմի առաջին շրջանից կազմավորվեցին 76-րդ լեռնահրաձգային,  408-րդ, 409-րդ, 89-րդ 390-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները:  «89-րդ Թամանյան» դիվիզիան` Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ,  Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային դիվիզիան էր: Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացան 109 հայորդիներ, ևս 10 հայաստանցիներ՝ ազգային փոքրամասնություններից: Հայ ժողովրդի հպարտությունն են պատերազմի բովով անցած մարշալները՝ Հովհաննես Բաղրամյանը, Հովհաննես Իսակովը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խամփերյանցը, Սերգեյ Ագանովը, գեներալները, «Փառքի» 3 շքանշանների  ասպետները և այլն:

 

Հայաստանի անկախացումից ամիսներ անց՝ 1992 թ. հունվարի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում`դրանով  ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը։

Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը:


Դեռևս 1991 թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը: Նոր կազմավորված զորամասերի անձնակազմը 1992 թ. մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում հանդիսավոր երդում տվեց: Բանակաշինության գործում էական էր խորհրդային բանակում նախկինում ծառայած բարձրակարգ մասնագետների ներգրավումը, ինչպիսիք էին Ա. Տեր-Թադևոսյանը, Ք. Իվանյանը, Գ. Դարիբալթայանը, Ն. Տեր-Գրիգորյանցը և շատ ուրիշներ: Հայաստան վերադարձան հարյուրավոր հայազգի սպաներ, որոնք մինչ այդ ծառայում էին խորհրդային բանակի տարբեր զորամիավորումներում: Հայոց ազգային բանակի ստեղծման գործում մեծ է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և նրան հաջորդած նախարարների դերը: Հետագայում կազմակերպվեց նաև սպայական կադրերի պատրաստման բարձրագույն դպրոց: Բանակաշինության ու Արցախյան ազատամարտի հաղթանակում մեծ էր նաև Մ. Մելքոնյանի, Ս. Բաբայանի, Լ. Ազգալդյանի, Ժ. Սեֆիլյանի, Պ. Ղևոնդյանի, Ա. Ղուլյանի, Գ. Ստեփանյանի,  Ա. Ղարիբյանի և բազմաթիվ այլ նվիրյալների դերը: Փաստորեն հայոց բանակը կազմավորվեց մեր անկախ պետականության վերականգնմանը զուգահեռ և հանդիսացավ նրա ամենամեծ ձեռքբերումն ու անվտանգության երաշխիքը։
 

ԲԱՆԱԿԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ


Հայոց անկախ պետականության՝ Հայաստանի 1-ին հանրապետության  կայացման ամենազորեղ կռվաններից մեկը սեփական ազգային բանակի ստեղծումն էր: Ուստի 1917 թ.  վերջին և 1918 թ. սկզբին  կազմավորված  հայկական առանձին  բանակային   կորպուսն արմատապես  վերակառուցվեց: 1918 թ. սեպտեմբերին  այն լուծարվեց և կազմվեց  դիվիզիա՝ գեներալ Մովսես  Սիլիկյանի  հրամանատարությամբ: Դիվիզիայի զորայինների ընդհանուր թիվը հասնում էր 16 հազարի: 1919 թ. ապրիլի 25-ին ստեղծվեց զինվորական խորհուրդ` գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորությամբ, ով ստանձնեց նաև բանակի սպարապետությունը: Հանրապետության ռազմական նախարարն էր գեներալ Հովհաննես Հախվերդյանը:

 

Կազմալուծվեցին ՀՀ տարածքում գտնվող կամավոր հայդուկային խմբերը:  1919 թ. հայկական բանակը վերակառուցվեց   զորքի կառավարման համար ավելի հարմար միավորների` բրիգադների և գնդերի: Արդեն 1920 թ. հունվարին հանրապետության զորքի թիվը հասնում էր 25 հազարի, աշնանը` թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի, այդ թվում` 33 գեներալ և 2000-ից ավելի սպա:

 

ԲԱՆԱԿԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

 

Առաջին հանրապետության անկումից հետո հայերը շարունակեցին զարգացնել զինվորական ավանդույթները խորհրդային բանակի կազմում: Հայերը զանգվածային մասնակցություն ցուցաբերեցին Երկրորդ աշխարհամարտին (1939-1945) ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և դաշնակից այլ երկրների բանակների ու պարտիզանական ջոկատների կազմում: Պատերազմի առաջին շրջանում կազմավորվեցին մի քանի հայկական դիվիզիաներ, որոնք իրենց ներդրումը բերեցին Ֆաշիստական Գերմանիայի ջախջախման գործում, դրանք էին՝ 76-րդ լեռնահրաձգային,  408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները:  «89-րդ Թամանյան» դիվիզիան Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ,  Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային դիվիզիան էր: Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացան 109 հայորդիներ, ևս 10 հայաստանցիներ՝ ազգային փոքրամասնություններից: Հայ ժողովրդի հպարտությունն են պատերազմի բովով անցած մարշալները՝ Հովհաննես Բաղրամյան, Հովհաննես Իսակով, Համազասպ Բաբաջանյան, Արմենակ Խամփերյանց, Սերգեյ Ագանով, գեներալները, «Փառքի» 3 շքանշանների լրիվ ասպետները և այլն:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո կարևոր էր ազգային պետության անվտանգության և անկախության պահպանման  հարցը, որի երաշխիքը  մարտունակ բանակն էր: Հայոց բանակի կայացման գործընթացը կարելի է բաժանել երեք փուլի՝

  1. Առաջին փուլն ընդգրկում է 1988 թվականի փետրվարից մինչև 1992 թվականի մայիսը:
  2. Երկրորդ փուլը ներառում է 1992 թվականի հունիսից մինչև 1994 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածը, երբ անկախ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ հրատապ խնդիր:
  3. Երրորդ փուլն ընդգրկում է 1994 թվականի հունիսից սկսած ժամանակահատվածը:

1992-1993 թվականներին կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կարգապահ բանակ: 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց  «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով ազդարարվեց ազգային բանակի ստեղծման սկիզբը: Պաշտպանության առաջին նախարարն էր Վազգեն Սարգսյանը։

 

© ԱՂԲՅՈՒՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

 

Add new comment