դվա

Հայ ժողովուրդը մտադիր չէ իր զենքերը սարքի, սպասում է՝ օտար քեռիներն իրեն օգնեն, իսկ եթե չեն օգնում, նրանց կմեղադրի. Վահագն Պողոսյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր, «Իրական դպրոց» հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Վահագն Պողոսյանը:

- Պարո՛ն Պողոսյան, Հայաստանում ռազմարդյունաբերությունն այսօր ի՞նչ վիճակում է, արդյո՞ք ունեցել ենք դրական տեղաշարժ այս ոլորտում:

- Ոչ մի լավ բան իրականում չեմ կարող ասել: Մենք գնորդ ենք զենքի, արդյունաբերող չենք,  երկրորդն էլ՝ արդյունաբերությունը մեկ օրում կամ մեկ տարում չի ստեղծվում կամ փոխվում, այն փոխվում է տասնամյակների ընթացքում: Եթե դիտարկում ենք, թե վերջին 10 տարում ինչ ունենք, ապա Կարեն Վարդանյանի մոբիլիզացիայի ծրագրի շնորհիվ շատ բան ունենք, մի 7 ընկերություն: Եթե համեմատենք այն ամենի հետ, ինչ 40 տարի առաջ ունեինք, նույնիսկ մի քանի անգամ քիչ ունենք, որովհետև նորանկախ Հայաստանն ուներ, ասենք, բարձր տեխնոլոգիական ոլորտի 100 հազար աշխատակից՝ ծրագրավորում, էլեկտրոնիկա, պայթուցիկներ, բոլոր ոլորտները: Հիմա բարձր տեխնոլոգիական ոլորտում ընդամենը մոտ 40 հազար աշխատող կա, որից 20  հազարը ռուսներն են, այսինքն՝ մարդաքանակով՝ 20 տոկոսն այն ամենի, ինչ ունեցել է 4 տասնամյակ առաջ, իսկ զենքի արդյունաբերական առումով՝ շատ ավելի քիչ: Այսինքն՝ շատ ավելի քիչ, քան կունենար այն պարագայում, եթե Հայաստանը  որոշեր ինքը դիմակայել մարտահրավերներին, ոչ թե թողներ՝ օտար քեռիները իր փոխարեն դա անեն: Երբ դու այդ որոշումդ կայացնում ես, նվազագույնը 10 տարի է տևում, որ դրա պտուղները քաղես: Այդ որոշումը կայացրել էր միայն Կարեն Վարդանյանը 2017 թվականին, այժմ 2023 թիվն է, կարելի է արդեն ինչ-որ բան ամփոփել: Կարեն Վարդանյանի մակարդակով հերոսություն է արվել, հայ ժողովրդի մակարդակով՝ տականքություն և հանցագործություն իր երեխեքի նկատմամբ:

- Խնդիրը ո՞րն է՝ ռազմարդյունաբերությունը մեծ գումարների հե՞տ է կապված, թե՞ երկարաժամկետ ներդրումներ են պահանջվում, կամ էլ, ուղղակի, պետական մտածողությո՞ւն չկա:

- Ե՛վ, և՛, բոլորն էլ: Առաջնահերթ, սակայն, բարոյականության հետ է կապված: Տականք սերունդ է ապրում այսօր Հայաստանում, նախորդն էլ պակաս տականքը չէր և իր երեխեքին այսօր պատրաստում է ապագա պարտությունների: Այսինքն՝ նախորդ սերունդը, մեր սերունդը տականք էին, որ այսօրվա 20 տարեկաններին շպրտեցինք ռազմաճակատ կիսակռվի, հիմա էլ երեխեքին պատրաստում ենք նոր պարտությունների՝ շարունակելով անտեսել պարզ ճշմարտությունները: Փաստորեն հիմնական խնդիրը բարոյական դաշտում է: Մնացած դաշտերում միայն երկրորդական խնդիրներ են:

Ամենամեծ հանցագործներն էլ այսօր «Ինստիգեյթը», ՈՄԱ-ն ու «Ազատազէնն» են, որովհետև եթե իրենք այս գործը չանեին, գուցե ավելի անգրագետ, բայց ավելի վճռական մարդիկ անեին ինչ-որ կտրուկ քայլեր, որոնք մենք չենք անում: Այո, մենք կտրուկ քայլեր անող չենք, բայց ձևացնում ենք, թե «գեղի հերոսներն ենք», այդ մարդիկ էլ, որ կիսագրագետ են, մտածում են՝ եթե մեզանից գրագետ մարդն այսօր արտակարգ իրավիճակ չի հայտարարում, այլ ծառայում է այս պետությանը, չնայած այս պետությունը հերթով հանձնում է իր երեխեքին, իր հողը ծախում է, այդ ավելի անգրագետ մարդիկ, նայելով մեզ, որոշում են, որ դեռ ժամանակը չէ կտրուկ միջոցների դիմելու: Մենք հանցագործություն ենք կատարում, որ չենք ասում մարդկանց՝ ժողովուրդ ջան, մենք հարց լուծող չենք, մենք պարզապես ենթարկվում ենք ներկա կառավարությանը, որովհետև մենք գրանցված զինվորականներ ենք, դուք որ վարչապետին էլ ընտրեք, մենք նրան ասելու ենք՝ պարո՛ն գերագույն հրամանատար, հրամայի՛ր, որովհետև մենք զինվորագրված ենք: Իսկ ժողովրդին թվում է, թե մենք հեղափոխական ենք: Մտածում են՝ սրանք արարիչ տղերք են, չեն թողնի՝ Արցախը հանձնեն, Սյունիքը հանձնեն, երևի մենք բավական հստակ չենք ասել, որ մենք զինված հեղափոխություն անողներ չենք, մենք նմանօրինակ հարց լուծողը չենք:  

- Այդ դեպքում ո՞րն եք համարում Ձեր անելիքը:

- Այս կառույցներն առնվազն պետք է ժողովրդին ասեն՝ ժողովո՛ւրդ ջան, դուք ունեք վարչապետ, մի՛ ակնկալեք, որ մենք վարչապետին «կգցենք», որովհետև մենք զինվորագրված ենք հայոց բանակին, ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը: Դուք եք նշանակում կամ գահընկեց անում վարչակարգին, իսկ մենք ծառայում ենք գործող վարչակարգին: Մինչև սա հստակ չասենք, մեղքի մեծ բաժին ենք ունենալու հետագա կորուստների մեջ, որովհետև բթացնում ենք ժողովրդի զգոնությունը:

- Վերադառնանք մեր թեմային: Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ այսօրվա ռազմարդյունաբերական Ձեր ծրագիրը միտված է առաջնահերթ գումարտակների շարժունակությանը և որոշումներ կայացնելու ունակությունը բարելավելուն: Կխնդրեմ մանրամասնել:

- Հայաստանի բանակը կառուցված է գումարտակի հրամանատարին ճնշելու սկզբունքի վրա: Գումարտակի հրամանատարն այն մարդն է, որը գնում, զինվորի թաղմանն է մասնակցում, կորպուսի հրամանատարը չի գնում: Գումարտակի հրամանատարն ուզում է իմանա, թե իր տղերքի վրա վաղը ով է կրակելու, բայց ինքը հետախուզման միջոցներ չունի, ինքը կորպուսից է ստանում տեղեկությունը: Կորպուսի հրամանատարի միակ տարբերակն էլ, որ գումարտակի հրամանատարը հերթական թաղումից գալիս իր գլուխը չջարդի, այն է, որ գումարտակի հրամանատարին պահի ինֆորմացիոն սովի մեջ, որ նա կախվածության մեջ  մնա կորպուսի հրամանատարից: Այս սկզբունքի վրա է կառուցված Հայաստանի բանակը: Այս խնդիրը պետք է լուծել: Գումարտակի հրամանատարը պետք է կարողանա գոնե իր ձեռքով դրոնը թռցնել, առանց թռիչքային հրապարակի, իր հետախուզությունն անի:

- Այն, ինչ Դուք նշեցիք, բանակային մոդելի փոփոխություն է ենթադրում, արդյո՞ք Ձեզանից է կախված այդ փոփոխությունը:

- Եթե մեկն ասում է, որ ինձանից այս խնդրի լուծումը կախված չէ, չնայած իր երեխաները դրա համար արյամբ են վճարում, սա արդեն բարոյական խնդիր է։ Դա հայ ժողովրդի շանտղությունն է: 

- 2023-ին Հայաստանը մի շարք զենքեր է ձեռք բերել Հնդկաստանից, դրանց թվում նշվում են նաև փոքր զինատեսակներ, նռնակներ: Ըստ Ձեզ՝ հնարավորություն չկա՞, ասենք, նման զինատեսակների արտադրությունը Հայաստանում կազմակերպելու:

- Ո՞վ ասաց, որ չկա: Ցանկություն չկա: Հայ ժողովուրդը զենք չի սիրում, պատերազմական գործ չի սիրում և մտադիր չէ իր զենքերը սարքի, սպասում է՝ օտար քեռիներն իրեն օգնեն: Իսկ եթե չեն օգնում, նրանց կմեղադրեն:

- Եթե ցանկություն լինի, համապատասխան մասնագետներ ունե՞նք:

-Մենք երբ պատվեր ենք վերցնում, չենք նայում՝ կա մասնագետ, թե չէ: Պատվերը վերցնում ենք, հետո մասնագետներին կա՛մ աճեցնում ենք, կա՛մ վարձում:

Մենք ոչ թե չենք կարողանում զենք արտադրել, այլ չենք ցանկանում կռվել, չենք ուզում մտածել կռվելու մասին: Երբ ժամանակը կգա, ու կռիվն իր ոտքով կհասնի մեր դուռը, մենք գուցե ինչ-որ շարժումներ անենք, որ նման են կռվելուն, բայց արդեն ուշ կլինի, նույնիսկ եթե ցանկանանք զենք գնել:

Զենքի արտադրությունը երկարաժամկետ ծրագիր է, ու դա նշանակում է, որ դու պատրաստվում ես պատերազմի, այլ ոչ թե ջայլամի կեցվածք ընդունում՝ ձևացնելով, թե կռիվը քեզ չի հասնելու: Իսկ եթե այդպես չես անում, ուրեմն դատապարտված ես, որ պատերազմը հասնի քո դուռը, ու դու ստիպված երեխեքին զոհաբերես, հետո չոքես ու զինադադար խնդրես:

Ուկրաինայում 100 հազար մարդ զոհվեց, իրենք զինադադար չխնդրեցին, իրենց մայր չէ՞ր բերել: Իսկ մեր 4 հազար տղաները զոհվեցին, որ մենք 44-րդ օրը զինադադար մուրայինք: Այսպիսի ազգը արժանի չէ ո՛չ զենքի, ո՛չ Արցախի, ո՛չ էլ անկախ պետության: Կա՛մ այս ազգը պետք է դարձի գա, ներողություն խնդրի 4000 զոհից, ասի՝ կներեք, որ մենք զինադադար ենք խնդրել, կա՛մ էլ պետք է վերանա: Պետք է երդվենք, որ մոտակա 10 տարում եթե նույնիսկ 400 հազար զոհ ունենանք, զինադադար չենք խնդրի, այդ ժամանակ գուցե արժանի կլինենք անկախ պետության:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS