004

Մերձավորարևելյան տարածաշրջանը կանգնած է լայնածավալ պատերազմի շեմին․ քաղաքագետ

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

«Երրորդ համաշխարհային պատերազմը» նոր երանգներ է ստանում: Այն ընթանում է շատ յուրահատուկ ելևէջներով, հիբրիդային բաղադրիչներով և կրում է միջնորդավորված բնույթ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

«Սկիզբը ես կհամարեի սիրիական իրադարձությունները և Ղրիմի միացումը Ռուսաստանին: Առաջինը պատասխան էր «Արաբական գարուն» կոչվող գունավոր հեղափոխությունների ներթափանցմանը Սիրիա, հաջորդը՝ Կիևում հաղթանակած եվրոմայդանին: Այսինքն` խորքային պատճառը ՌԴ կոշտ հակազդեցությունն է արևմտյան ներթափանցմանը իր ազդեցության գոտիներ: Ստացվում է շուրջ տասը տարի ձգվող ռազմաքաղաքական դիմակայություն, որն իր գագաթնակետին հասավ ուկրաինական լայնածավալ պատերազմով: Այս ճակատում ելքը դեռևս չի երևում, սակայն Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմը Գազայի հատվածում և «Հիզբոլլահի» ներգրավումը ակտիվ ռազմական գործողություններին, նրանց առաջնորդների սպանությունները մեծացնում են մերձավորարևելյան ճակատի կարևորությունը` տարածաշրջանը կանգնեցնելով լայնածավալ պատերազմի շեմին:

Ինչպիսի իրադարձություններ կհաջորդեն մեկը մյուսին, դժվար է ստույգ կանխատեսել, սակայն կան գործոններ, որոնք անպայման պետք է նկատի ունենալ, երբ փորձում ես կանխատեսումներ անել:

Առաջին՝ «երրորդ համաշխարհայինը» չի կարող ավարտվել որևիցե մի կողմի հաղթանակով, ինչպես եղավ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ժամանակ: Հակամարտ բլոկներում կան միջուկային տերություններ, որոնք պարզապես չեն կարող պարտվել, որովհետև ունեն ողջ երկրագունդը ոչնչացնելու ջերմա-միջուկային պոտենցիալ: Առավելագույնը, որ կարող է տեղի ունենալ, աշխարհի նոր բաժանումն է՝ ՌԴ, ԵՄ/ԱՄՆ, Չինաստան ազդեցության գոտիներով, Ճապոնիայի, Հնդկաստանի և մի քանի այլ տնտեսական ուժեղ խաղացողների շահերի հաշվարկով:

Երկրորդ՝ մերձավորարևելյան ճակատում թեժացումը մարտահրավերներ առաջ կբերի և ՌԴ-ի, և հավաքական Արևմուտքի համար: Նրանք ստիպված նոր բեռի տակ են ընկնելու այս տարածաշրջանում իրենց դաշնակից-կողմնակիցներին պաշտպանելու համար. Ռուսաստանը՝ Սիրիային և Իրանին, Արևմուտքը՝ Իսրայելին:

Երրորդ՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դարձել է հակաիսրայելական ճակատի ակտիվ դերակատար, որը ստեղծել է անտրամաբանական և հակասական իրավիճակ:

Երրորդ` Իրանի նոր գործադիր իշխանության ղեկավար նախագահ Փեզեշքիանը, լինելով բարեփոխիչների քաղաքական թևի առաջնորդ, ի սկզբանե հաղթեց ընտրություններում Արևմուտքի հետ առճակատմանը վերջ տալու մասին իր քաղաքական պլատֆորմի շնորհիվ` ի տարբերություն ավիավթարից զոհված Ռայիսի/Աբդոլլահիան քաղաքական դիրքորոշման:

Չորրորդ՝ տարածաշրջանի հզոր դերակատարներից Սաուդյան Արաբիան, ինչպես տեսնում ենք, առանձնակի պատերազմական հռետորաբանությամբ հանդես չի գալիս: Իմ տպավորությամբ արաբական աշխարհում ոչ բոլորն են ոգևորված իրանական հովանավորությամբ ՀԱՄԱՍ-ի և «Հիզբոլլահի» ռազմաշունչ գործունեությամբ և հազարից ավելի իսրայելցիների սպանությամբ և պատանդառությամբ, որն ըստ էության ոչինչ չտվեց Գազայի ժողովրդին:

Հինգերորդ՝ Եգիպտոսը և Հորդանանը ճանաչել են Իսրայել պետությունը, այդ ուղու վրա են Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, որոնց համար նպաստավոր չէ Եմենի հուսիթների գոծունեությունը կրկին իրանական հովանավորչությամբ:

Վեցերորդ` հստակ երևում է, որ պատերազմի ծավալմամբ շահագրգռված չեն Պեկինում, Տոկիոյում և Դելիում, որոնց տնտեսական-էներգետիկ շահերը պահանջում են խաղաղ-համագործակցային պայմաններ տնտեսական ծավալման և ազդեցության տարածման համար»,- գրել է քաղաքագետը:

Add new comment

From the author