Եթե չձևավորվի դիմադրական շարժում, մեր ապագան կլինի շատ ավելի տխուր, քան այժմ Գազայում է. պատմաբան
Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Միջազգային քաղաքական համակարգի երևացող ու չերևացող պարագլուխները դիտում են հայերին ու պաղեստինցիներին նույն կերպ՝ որպես ազգային ու հողային իրավունքներից զուրկ ժողովուրդների, որոնց կարելի է և պետք է ցուցադրաբար ենթարկել ցեղասպանության։ Դա էլ հենց անում են և՛ Հայաստանում, և՛ Պաղեստինում։
Հայաստանում դիմադրությունը քաղաքական ղեկավարության մակարդակում վաղուց ճնշվել է։ Նշանակվել են խամաճիկային իշխանություններ, որոնք հլու-հնազանդ ենթարկվում են օտար տերերին՝ այն աստիճան, որ ռազմավարական նշանակության տարածքները, հայկական բնիկ հողերը, ազգային արժանապատվությունն ու բնական իրավունքները հերթով հանձնվում են թշնամուն։
Գազայում իրավիճակը տարբեր է. «Համասն» ունի անձնուրաց գաղափարական ղեկավարներ և անվտանգության գործուն համակարգ։ ՀՀ-ն չունի ո՛չ նվիրյալ ղեկավարներ, ո՛չ անվտանգության արդյունավետ համակարգ։ ՀՀ-ում գործակալներն ու դավաճանները ծաղկում ու բարգավաճում են։ Իր դիմադրության շնորհիվ «Համասն» ունի դաշնակիցներ, ՀՀ-ն՝ չունի։
Ու թեև վերջին մեկ տարվա ընթացքում պաղեստինցիները միայն Գազայում օրական միջին հաշվով 100-ից ավելի զոհեր են տալիս, այս պահի դրությամբ Հայաստանի ապագան ավելի վտանգված է թվում։ Դա նրանից է, որ Գազայում դիմադրություն կա, իսկ Հայաստանում՝ փաստացիորեն չկա, խեղդված է։
Եթե Հայաստանում չձևավորվի իրական ընդդիմություն և դիմադրական շարժում, մեր ապագան կլինի շատ ավելի տխուր, քան այժմ Գազայում է։
ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔ Է, ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ՄԱՀ»։
Ավելացնել նոր մեկնաբանություն