
Եվրոպան առանց ԱՄՆ-ի ի վիճակի չէ բարդ ռազմական գործողությունների․ FT
Եվրոպան ընդունում է, որ առանց ԱՄՆ–ի իրենք ի վիճակի չեն բարդ ռազմական գործողություններ իրականացնել, ոչ էլ նույնիսկ պարզ խնդիրներ լուծել:
Այս մասին գրել է Financial Times թերթը՝ վկայակոչելով եվրոպական երկրներից մեկի արտգործնախարարին, որի անունը հոդվածում չի նշվել։
«Առանց պատճառի չէ, որ նրանց (ամերիկացիներին) անվանում են անփոխարինելի դաշնակից։ Առանց նրանց մենք չենք կարող որևէ բարդ ռազմական գործողություններ իրականացնել կամ նույնիսկ պարզ խնդիրներ լուծել», –նախարարի խոսքը մեջբերել է պարբերականը։
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն իր հերթին X սոցցանցում հռետորական հարցադրում է կատարել, թե ումի՞ց է պետք պաշտպանել Եվրոպային։ «Սպասեք, ինչո՞ւ են ամերիկացի հարկատուները վճարում Եվրոպայի պաշտպանության ծախսերի 2/3-ը, իմաստ չունի։ Պաշտպանել ումի՞ց», – գրել է նա։
Մասկը պատասխանել է օգտատերերից մեկի գրառմանը, որը գրել է, որ ԱՄՆ–ն ՆԱՏՕ–ի վրա ծախսում է իր ՀՆԱ–ի 3,5 տոկոսը, մինչդեռ դա կազմում է դաշինքի ընդհանուր ռազմական ծախսերի 67 տոկոսը։ Փետրվարին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ասել էր, որ ՆԱՏՕ–ի երկրները մնում են ԱՄՆ դաշնակիցները, սակայն պետք է ավելի շատ ծախսեն պաշտպանության վրա: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, նշել է, որ եվրոպացի առաջնորդներն անտեսում են իրենց քաղաքացիներին, կարծես նրանց համարում են «վարժեցված կենդանիներ»։
Ավելացնել նոր մեկնաբանություն