Ռազմական գործողություններից մեկ տարի անց Իսրայելը բախվում է անվտանգության ավելի վտանգավոր իրավիճակի
Հորդանան գետի արևմտյան ափին լայնածավալ ռազմական գործողություն իրականացնելուց մեկ տարի անց Իսրայելի անվտանգության ապարատը կարծես թե քիչ բանի է հասել: Իրավիճակն ավելի վտանգավոր և կատաղի է, քան գործողությունից առաջ, «Arab News»-ին ասել են պաշտպանության փորձագետները։
Գործողությունը սկսվել է 2022 թվականի փետրվարին Նաբլուսում երեք պաղեստինցիների՝ Ադհամ Մաբրուկայի, Աշրաֆ Մուբասլաթի և Մուհամեդ Դախիլի սպանությամբ և շարունակվել է սարսափելի բռնությամբ՝ տարածվելով Գազայի հատվածում:
Իսրայելական ձերբակալությունների արշավը խաթարել է Հորդանան գետի արևմտյան ափից և Երուսաղեմից ավելի քան 7000 պաղեստինցիների կյանքը: Ընդհանուր առմամբ զոհվել է 139 պաղեստինցի, հազարավոր մարդիկ վիրավորվել են, տասնյակ տներ ավերվել են։
Իսրայելցի ռազմական փորձագետները նշում են, որ Արևմտյան ափը միակ ճակատն էր, որտեղ Իսրայելը կարող էր հաղթանակի հասնել: Նույնը չի կարելի ասել լիբանանյան «Հիզբոլլահի», Գազայի կառավարիչների ՀԱՄԱՍ-ի կամ Իրանի հետ ունեցած առճակատումների մասին: Սակայն մեկ տարի անց Արևմտյան ափը դարձել է իսրայելական բանակի անվտանգության ամենամեծ մարտահրավերը՝ հետևելով Իրանի սպառնալիքին, քանի որ այնտեղ տեղակայվել է 46 դիվիզիա՝ վերջինիս ընդհանուր ռազմական հզորության 80 տոկոսը:
Գործողությունը փորձել է հասնել երեք նպատակի.
1) խափանել պաղեստինցիների անհատական կամ կազմակերպված հարձակումները նախքան դրանց տեղի ունենալը, ինչն էլ իրենից պահանջում է ճշգրիտ հետախուզություն,
2) անվտանգության գործողությունների միջոցով հասնել զսպման՝ ձերբակալելով բոլորին, ովքեր առնչություն ունեն հարձակումներ կատարողների կամ ծրագրողների հետ՝ քանդելով նրանց տները և արտաքսելով նրանց ընտանիքները,
3) լուծել Իսրայելի և Արևմտյան ափի միջև տարանջատման շուրջ առկա խնդիրները, ինչը զինված հարձակվողներին և այլ պաղեստինցիներին առավելություն ունենալու հնարավորություն է տալիս:
Իսրայելի հարցերով պաղեստինցի փորձագետ Էսմաթ Մանսուրը «Arab News»-ին տված հարցազրույցում ասել է, որ իսրայելական ռազմական գործողությունը չի կարողացել հասնել այն նպատակներին, որոնք նախատեսված էր իրականացնել մեկ տարի առաջ:
Այն նաև չի կարողացել ոչնչացնել պաղեստինյան ռազմական խմբավորումները, կանխել իսրայելական օբյեկտների դեմ զինված հարձակումները և իսրայելա-պաղեստինյան առճակատումը տեղափոխել Հորդանան գետի արևմտյան ափ, քանի որ Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցն ասել է, որ նախընտրում է ռազմական առճակատումը պաղեստինցի զինյալի և իսրայելցի զինվորի միջև:
Մանսուրն ասել է, որ Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև անվտանգության համակարգումը դադարեցվել է, և որ Իսրայելի վերահսկողությունը Արևմտյան ափի անվտանգության իրավիճակի վրա նվազել է։
Իսրայելի թիրախների դեմ պաղեստինյան ռազմական հարձակումները զսպելու նպատակով ԱՄՆ-ն, Հորդանանը և Եգիպտոսը փետրվարի 26-ին մասնակցել են Հորդանանի Աքաբա քաղաքում կայացածս գագաթնաժողովին՝ Պաղեստինի ինքնավարության մասնակցությամբ:
Մինչ գագաթնաժողովն ընթացքի մեջ էր, պաղեստինցին Նաբլուսի մոտ գնդակահարել էր երկու իսրայելցի վերաբնակիչների։ Ավելի ուշ երեկոյան հարյուրավոր ծայրահեղական բնակիչներ ներխուժել են Հաուարա քաղաք և հրկիզումներ սկսել՝ թիրախավորելով քաղաքացիական անձանց տներն ու մեքենաները:
Ավելացնել նոր մեկնաբանություն