Ռուսաստանից «Սու-35» ռազմական ինքնաթիռների գնման ընթացակարգերն ավարտվել են. իրանական ԶԼՄ
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական «Սու-35» ռազմական ինքնաթիռների գնման ընթացակարգերն ավարտվել են։
Հաղորդվել է, որ 1988 թվականին Իրանի և Իրաքի միջև պատերազմից հետո Իրանը ռազմական ինքնաթիռներ գնելու հարցում է ուղարկել որոշ երկրների, և Ռուսաստանը դրական է արձագանքել այդ խնդրանքին։
Նշվել է, որ այն բանից հետո, երբ 2020 թվականի հոկտեմբերին չեղարկվեց Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած զենքի էմբարգոն, փորձեր են արվել Ռուսաստանից ձեռք բերել «Սու-35» ինքնաթիռներ, և վերջապես ավարտվել են ռազմական ինքնաթիռների գնման ընթացակարգերը։
Զեկույցում չի նշվում, թե երբ է կնքվել գնման պայմանագիրը, և քանի «Սու-35» կմատակարարվի Ռուսաստանից Իրան։
Երկրի մամուլում հայտնված լուրերի համաձայն՝ Իրանը նախ Ռուսաստանից կգնի 24 ռազմական ինքնաթիռ։
Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների և Գերմանիայի միջև 2015 թվականին Թեհրանի ստորագրած միջուկային համաձայնագրին համապատասխան՝ զենքի միջազգային էմբարգոն կիրառվել է 13 տարով, իսկ 2020 թվականին հանվել է Իրանի որոշ պաշտոնյաների միջազգային ճանապարհորդության արգելքը։
Իրանի ՌՕՈՒ-ն, որը երկար ժամանակ էմբարգոյի պատճառով չի կարողանում ռազմական ինքնաթիռներ գնել, ունի ամերիկյան արտադրության հին «F-4», «F-5» և «F-14», ինչպես նաև ռուսական «Միգ-29» և «Սու-24» ռազմական ինքնաթիռներ։
Ավելացնել նոր մեկնաբանություն