Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կործանիչները ռուսական ինքնաթիռ են որսացել
Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կործանիչները մարտի 14-ին Էստոնիայի օդային տարածքի մոտ ռուսական ինքնաթիռ են որսացել։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Երկու «Typhoon» կործանիչները որսացել են «Իլ-78» լիցքավորող ինքնաթիռը, որը թռչում էր Սանկտ Պետերբուրգի և Կալինինգրադի միջև։ Հաղորդվում է, որ ռուսական ինքնաթիռն Էստոնիայի ավիակարգավարների հետ կապ չի հաստատել։
Բրիտանիայի և Գերմանիայի ռազմաօդային ուժերը պլանային հերթապահություն են իրականացնում տարածաշրջանի ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածքում: Համաձայն BBC-ի՝ ռուսական ինքնաթիռը որսալու գործողությունը սովորական բնույթ է կրում, սակայն սա բրիտանական և գերմանական օդուժի առաջին նման համատեղ գործողությունն է։
«Իլ-78»-ը որսալուց հետո երկու «Typhoon» կործանիչներն ուղարկվել են՝ որսալու «Ան-148» ինքնաթիռը, որը, պարբերականի հաղորդմամբ, նույնպես թռչում էր Էստոնիայի օդային տարածքի մոտ:
Նման միջադեպ է տեղի ունեցել Սև ծովի երկնքում ռուսական «Սու-27» ինքնաթիռների կողմից «MQ-9 Reaper» հետախուզական ԱԹՍ-ն որսալու ֆոնին:
Ավելի վաղ ամերիկյան կողմը նշել է, որ իր «MQ-9 Reaper» հետախուզական ԱԹՍ-ն բախվել է ռուսական «Սու-27» կործանիչների հետ Սև ծովի միջազգային օդային տարածքում, այնուհետև ընկել է ջուրը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է բախման մասին տեղեկությունը և պնդել, որ անօդաչու թռչող սարքն անջատված հաղորդիչներով թռչում էր դեպի Ղրիմի թերակղզի։
Ավելացնել նոր մեկնաբանություն