Երկու միջուկային տերությունների միջև հրահրված բախումները շատ լուրջ ռիսկեր են պարունակում. Լավրով
Ցանկացած նախաձեռնություն, որը երկու միջուկային տերությունների բախում է հրահրում, միշտ շատ լուրջ ռիսկեր է պարունակում, ԱՄՆ-ն չի կարող դա չհասկանալ: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Սև ծովի օդային տարածքում անօդաչու թռչող սարքի հետ կապված իրավիճակը։
«Ցանկացած միջադեպ, որը բախում է հրահրում երկու հզոր տերությունների, երկու միջուկային տերությունների միջև, որոնք ամենամեծն են աշխարհում, միշտ շատ լուրջ ռիսկեր է պարունակում։ Նրանք (ԱՄՆ-ն) չեն կարող դա չհասկանալ»,- ասել է Լավրովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ։
Լավրովը նաև նշել է, որ ԱՄՆ-ն անտեսում է այն փաստը, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո Սև ծովի ափամերձ տարածքները թռիչքների համար սահմանափակ կարգավիճակ ունեն, սա սադրանքի է նման․ «Նրանք (ԱՄՆ-ն) լիովին անտեսում են այն փաստը, որ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո մեր զինվորականները Սև ծովի համապատասխան տարածքները, որոնք որոշ տեղերում հարակից են, հայտարարել են որպես ցանկացած թռչող սարքերի օգտագործման համար սահմանափակ կարգավիճակ ունեցող տարածքներ»։
«Այդ օբյեկտիվ փաստի այսպիսի ակնհայտ անտեսումը, իհարկե, հուշում է, որ ամերիկյան կողմը մշտապես փորձում է անընդհատ ինչ-որ սադրանքներ փնտրել՝ հակամարտության իր մոտեցումները սրելու համար»,- ընդգծել է Լավրովը։ «Սա վատ է, քանի որ նրանք անընդհատ հայտարարել են, որ պատասխանատու տերություն են, շահագրգռված են ռազմավարական կայունությամբ... Բայց խոսքերը հակասում են գործերին»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երեքշաբթի առավոտյան ամերիկյան «MQ-9» անօդաչու թռչող սարքը՝ անջատված տրանսպոնդերներով, խախտել է Սև ծովի օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմի տարածքի սահմանները։ Անօդաչու թռչող սարքը շարժվել է դեպի Ռուսաստանի սահման, ռուսական կործանիչներն օդ են բարձրացվել՝ խախտողին նույնականացնելու համար։ Կտրուկ մանևրելու պատճառով անօդաչու սարքն անցել է բարձրության կորստով անկառավարելի թռիչքի և ընկել ջուրը։ Ռուսական կործանիչները չեն առնչվել «MQ-9»-ի հետ, չեն կիրառել օդային զինատեսակներ և ապահով վերադարձել են իրենց բազայի օդակայան, ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն