ԱԳՆ-ն աշխատում է Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշումը չկատարելու հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնելու ուղղությամբ
Բերձորի միջանցքն արգելափակելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելու հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացնելու առնվազն 2 տրամաբանություն կա, և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ: Այս մասին հայտնել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, դիտարկելով Հաագայի դատարանի որոշումը, որպես պարտադիր կատարման ենթակա ակտ, կիրառի ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխով սահմանված պատժամիջոցները, հարկադրանքի միջոցները կամ առնվազն սկսի այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, և թե արդյոք Հայաստանն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում է:
Կիրակոսյանը վերահաստատել է՝ Բերձորի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն իրավաբանորեն պարտադիր ուժ ունի՝ համաձայն ՄԱԿ-ի և դատարանի կանոնադրության. այն Ադրբեջանի կողմից ենթակա է պարտադիր կատարման: «Մենք, ցավոք, առերեսվում ենք իրականության հետ, որ Ադրբեջանն առհասարակ անտեսում է որոշումը, ոչ միայն անտեսում է, այլև ամենաբարձր պաշտոնական մակարդակից մինչև ցածր պաշտոնական մակարդակներում փորձում է նաև աղավաղել որոշման բովանդակությունը: Դա նաև վերջերս արտահայտվել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի նամակում, որն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որին, ի պատասխան, նամակ ներկայացվել է նաև մեր նախարարի կողմից»,- ասել է Կիրակոսյանը:
Նա նշել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության 94-րդ հոդվածը որոշակի նեղ ձևակերպում է տալիս, վերաբերում է վճիռներին: Բայց հոդվածի կիրառման պրակտիկան մի քիչ ավելի լայն է: Եվ եղել են փորձեր՝ դատարանի միջանկյալ որոշումները կամ ժամանակավոր միջոց կիրառելու որոշումները ներկայացնել Անվտանգության խորհուրդ: Ցավոք, այդ դեպքերը շատ հաջողությամբ չեն պսակվել: Դեպքերը վերաբերել են մշտական անդամին: Եվ մշտական անդամը, որպես կանոն, կիրառել է վետոյի իրավասությունը, և ԱԽ-ում հարցը վերջնական քննարկման չի արժանացել։
«Սակայն մեր պարագայում, կարծում եմ, անհրաժեշտ է այդ ուղղությամբ աշխատել: Ես գիտեմ, որ ԱԳ նախարարության գործընկերներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ: Շատ կարևոր է, որ Անվտանգության խորհրդում հարցը բերվի օրակարգ: Եվ պետք է հնարավորինս օգտագործելով դիվանագիտական բոլոր խողովակները՝ այդ ուղղությամբ աշխատանք տանել հարցի բարենպաստ քննարկում ապահովելու համար»,- հավելել է Կիրակոսյանը:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը նաև ներկայացրել է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշման հարցը ԱԽ օրակարգ բերելը երկու տեսանկյուն ունի: Առաջինը ֆորմալ տեսանկյուն է. կա կանոնադրության 94-րդ հոդվածը, որը նման լիազորություն տալիս է ԱԽ-ին: Երկրորդ տրամաբանությունը ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլուխն է՝ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման լիազորությամբ օժտված լինելը:
«Գաղափարն այն է, որ այս որոշման չկատարումն ամեն դեպքում ստեղծում է ռիսկեր միջազգային խաղաղության և անվտանգության համար: Այսինքն՝ մենք առնվազն 2 տրամաբանությամբ հարցն ԱԽ-ում բարձրացնելու հնարավորություն ունենք: Ակնհայտ է, որ դատարանի որոշման չկատարումը, այսինքն՝ շրջափակումը շարունակելը, լրջագույն ռիսկեր է առաջացնում միջազգային անվտանգության համար»,- նշել է Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ Հաագայի դատարանը փետրվարի 22-ին պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի Բերձորի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղությամբ: Արդարադատության միջազգային դատարանը մերժել է նաև Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու Ադրբեջանի պահանջը:
Ավելացնել նոր մեկնաբանություն