Submitted by detq-editor on
Թալիշում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության հիմնավոր ապացույց է․ Փաշինյան

Թալիշում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության հիմնավոր ապացույց է․ Փաշինյան

Բերձորի միջանցքի ապօրինի արգելափակման 100-րդ օրը Ադրբեջանը նշանավորեց Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարման 13-րդ անջատումով։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին։

«Սրան նախորդեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթը, որն այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել։

Թալիշ գյուղում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար, հիմնավոր ապացույց է։ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տներն Ադրբեջանը քանդում է և նրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ։  Այն, ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, ահա արդեն իրականություն է»,- ասել է Փաշինյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը՝ սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները և հարցը համարել լուծված։

«Այս գործողություններն ապօրինի են և բացահայտ կերպով հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ, հիշեցնեմ, ասվում է․ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»։

Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորվեր հայ բնակչության Թալիշ վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարության այս գործողություններին հետևեց Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից բռնագաղթած մեր հայրենակիցների հայտարարությունը, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ղեկավարներից, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարից պահանջում են ապահովել Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից բռնագաղթած հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձ իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի։

«Որպես նշված հայտարարության հասցեատերերից մեկը՝ ուզում եմ հստակ ընդգծել, որ նշված պահանջն արդարացի եմ համարում, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ձեռնարկի քաղաքական և դիվանագիտական բոլոր միջոցները հայտարարության հեղինակների և շահառուների իրավունքները պաշտպանելու համար»,- եզրափակել է վարչապետը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն