ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի համագործակցության հարցերը կառուցողական լուծում են ստանալու
Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ «վնասակար քննարկումները կդադարեն», և դրա հետ կապված հարցերը կառուցողական լուծում կստանան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հուսով ենք, որ վնասակար քննարկումները «ով, որտեղից է գալիս» թեմայով կդադարեն, և ՀԱՊԿ շրջանակում Երևանի հետ համագործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում, կլուծվեն կառուցողական ու փոխաշահավետ ձևով»,- RTVI-ի հետ հարցազրույցում ասել է փոխնախարարը։
Նա նշել է, որ հայկական կողմի բոլոր մտահոգությունները քննարկվում են ՀԱՊԿ-ում գոյություն ունեցող փոխգործակցության ձևաչափերի շրջանակում՝ սկսած Մշտական խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը ՀԱՊԿ բարձրագույն մարմինն է։
ՌԴ ԱԳ փոխնախարարն ասել է, որ վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու ծրագրերը, ինչպես նաև օգնության այլ միջոցները՝ ամրագրված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագծում՝ Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու մասով․ «Մեծ մասամբ Հայաստանի նախագահության շնորհիվ շատ բան է արվել մեր հավաքական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ետ մղելու ՀԱՊԿ կարողությունները զարգացնելու համար: Կցանկանայի ընդգծել, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր չէին լինի առանց բոլոր անդամ երկրների համակարգված, արդյունավետ և շահագրգիռ աշխատանքի»։
Ավելացնել նոր մեկնաբանություն