Պատելն անդրադարձել է Մոսկվայում կայանալիք հայ-ադրբեջանական բանակցություններին

Պատելն անդրադարձել է Մոսկվայում կայանալիք հայ-ադրբեջանական բանակցություններին

ԱՄՆ-ն ողջունում է հաղորդումներն այն մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը շարունակելու են քննարկումները՝ ուղղված երկու երկրների միջև տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին, որոնք պետք է կայանան Մոսկվայում երկու երկրների արտգործնախարարների և ղեկավարների մակարդակով:

Պատելը ողջունելի է համարել հայ-ադրբեջանական բանակցությունները՝ անկախ նրանից, թե որ հարթակում են դրանք տեղի ունենում:

«Մենք կարծում ենք, որ կողմերի միջև ուղիղ բանակցությունները խիստ կարևոր են, և մենք ուրախ ենք, որ դրանք տեղի են ունենում: Անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունենում՝ Արլինգտոնում, Բրյուսելում թե Մոսկվայում, մեր աջակցությունն այդ ջանքերին շարունակական է»,- հայտարարել է Պատելը:

Ինչ վերաբերում է այդ բանակցություններից սպասվող արդյունքներին, դիվանագետը հրաժարվել է ենթադրություններ անելուց: Նա դարձյալ շեշտել է, որ կողմերի միջև խաղաղությունը, ըստ Վաշինգտոնի, հնարավոր է:

Վեդանտ Պատելին նաև հարց են ուղղել՝ արդյոք ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն փորձել է կապ հաստատել իր ռուս գործընկերների հետ, ինչպես անցյալ տարի արել էր նրա նախորդ Ֆիլիպ Ռիքերը:

«Նա (Լուիս Բոնոն - խմբ.) շարունակում է խորապես ներգրավված լինել այս հարցում»,- պատասխանել է Պատելը՝ կրկնելով, որ մայիսի սկզբին ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած բանակցությունները բավական կառուցողական էին:

Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կընդունի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին: Նախարարները եռակողմ բանակցություններ կանցկացնեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով: Բացի դրանից՝ կկայանա  հայ-ադրբեջանական առանձին երկկողմ հանդիպում՝ նվիրված խաղաղության պայմանագրի կնքմանը:

Իր հերթին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 25-ին Մոսկվայում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ: 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն