DETQ

Հայաստանի մասնակցությունը Թուրքիայի ղեկավարների երդմնակալության արարողություններին

Հունիսի 3-ին Անկարայում տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետի մասնակցության որոշումն առաջացրել է Հայաստանի բնակչության մի մասի դժգոհությունը, իսկ մյուս մասն էլ կարծում է, որ դա ճիշտ որոշում էր։

Այս համատեքստում հատկանշական է՝ սա առաջին անգամն էր, երբ Հայաստանն ամենաբարձր մակարդակով մասնակցել է Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։ Նախկինում նման մակարդակով Հայաստանը մասնակցել էր միայն Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի թաղմանը, երբ Թուրքիա էր մեկնել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը։

Էրդողանի երդմնակալությանը Փաշինյանի մասնակցության հարցում փորձագիտական շրջանակները բաժանվում են երկու մասի. նրանց մի մասը կարծում է, որ Հայաստանը չպետք է մասնակցեր Էրդողանի երդմնակալությանը, կամ մասնակցեր, սակայն ոչ ամենաբարձր մակարդակով։ Վերջին տեսակետը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Թուրքիան ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմին, ամեն կերպ աջակցել է Ադրբեջանին, իսկ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերն ահռելի կորուստներ են պատճառել հայկական կողմին։

Փորձագետների մյուս մասը պնդում է, որ ինչպես Փաշինյանի շնորհավորանքը, այնպես էլ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու որոշումը ճիշտ էին, քանի որ Հայաստանը և Թուրքիան գտնվում են հարաբերությունների կարգավորման գործընթացում, և որքան այդ գործընթացը շարունակվի, նման փոխայցելություններն ավելի հաճախ են տեղի ունենալու։

Այս համատեքստում հարց է առաջանում, թե նախկինում Հայաստանը մասնակցե՞լ է Թուրքիայի ղեկավարների երդմնակալության արարողություններին, և եթե այո, ի՞նչ մակարդակով է դա արել։ Հայաստանի ներկայացուցիչը Թուրքիայի ղեկավարի երդմնակալության արարողությանը մասնակցել է միայն մեկ անգամ՝ 2014 թվականին, երբ Էրդողանն առաջին անգամ էր ընտրվել նախագահի պաշտոնում։ Այդ ժամանակ ՀՀ-ն երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր ստացավ, որը Երևանն ընդունեց, սակայն արարողությանը մասնակցեց ոչ թե Հայաստանի նախագահը, այլ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նշենք, որ այդ ժամանակ նույնպես Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց էր տեղի ունենում, որը թուրքական կողմի նախաձեռնությամբ մտել էր փակուղի, սակայն այն դեռևս չէր չեղարկվել։ Միևնույն ժամանակ Էրդողանի առաջին երդմնակալության արարողությունն առանձնանում էր այն հանգամանքով, որ Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ նախագահն ընտրվել էր բնակչության ուղիղ քվեարկության արդյունքում, իսկ մինչ այդ ընտրվում էր խորհրդարանի կողմից։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Է․ Նալբանդյանը 2014 թվականին մասնակցեց Էրդողանի երդմնակալության արարողությանը և վերջինիս փոխանցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ հաջորդ տարի ապրիլին այցելել Երևան և մասնակցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված արարողություններին։ Սա Հայաստանի կողմից ճիշտ ժամանակին կատարված դիվանագիտական քայլ էր, որը Թուրքիային դրեց բավականին անհարմար իրավիճակում, սակայն Էրդողանին հաջողվեց դուրս գալ նաև այդ իրավիճակից։ Էրդողանի որոշմամբ՝ Գալիպոլիի ճակատամարտում թուրքական կողմի հաղթանակի տոնակատարությունները կազմակերպվեցին 2015 թվականին ապրիլի 24-ին, իսկ Էրդողանը հանդգնեց արարողությանը հրավիրել նաև Հայաստանի նախագահին։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ պաշտոնական Երևանի կողմից արարողությանը մասնակցելու որոշումը ճիշտ էր, սակայն Հայաստանն Էրդողանի երդմնակալությանն առնվազն չպետք է մասնակցեր ամենաբարձր մակարդակով։ Արարողությանը Հայաստանի կողմից կարող էր մասնակցել Հայաստանի արտաքին գործերի նախարարը կամ միայն հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Այս համատեքստում ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ նախագահի երդմնակալությունն արարողակարգային միջոցառում է, որին մասնակցելու կամ չմասնակցելու որոշումը որևէ կերպ ազդեցություն չի ունենալու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ Հայաստանի կողմից անգամ ամենաբարձր մակարդակով մասնակցությունը չի նպաստելու հարաբերությունների կարգավորմանը կամ չի նվազեցնելու Թուրքիայի կողմից ներկայացվող նախապայմանները և գործադրվող ճնշումները։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

5454
ԻՀՊԿ-ն ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել
detq
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները
detq
Իրանն Իսրայելից իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար կձեռնարկի բոլոր միջոցները․ Իրանի ԱԳՆ
detq
Հարավային Կովկասի գործընթացներն ազդում են Իրանի անվտանգության վրա․ Իրանի նախկին ՊՆ
f
ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է Ռայիսիի մահվան պատճառով
detq
Արաղչին վստահեցնում է՝ Իրանն Իսրայելի վերջին հարձակման պատասխան հարվածից չի հրաժարվել