Իրանա-ադրբեջանական հարաբերությունները և երկկողմ լարվածությունը ներկա փուլում
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի միջև առկա լարվածությունը վերջին շրջանում շարունակվում է, որի դրսևորումներից մեկն էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հունիսի 3-ի հայտարարությունն էր, որով Բաքուն իր քաղաքացիներին կոչ արեց խուսափել Իրան այցելություններից առանց հրատապ անհրաժեշտության։ Ավելի վաղ Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել Իրանին՝ Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլիի ձերբակալության հետ կապված, որին իրանական իշխանությունները մեղադրում են լրտեսության մեջ։
Հատկանշական է, որ վերջին երկու-երեք տարիների ընթացքում Թեհրանի և Բաքվի հարաբերությունները բավականին լարված են, ինչն արտահայտվել է տարբեր փուլերով։ Լարվածության վերջին փուլը մեկնարկել է նախորդ տարի աշնանը և նոր թափ է ստացել 2023 թվականի հունվարին՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումից հետո, որը Բաքվի կողմից որակվեց որպես ահաբեկչություն, Ադրբեջանը տարհանեց իր դեսպանատան աշխատակիցներին, մինչդեռ Թեհրանը հերքում է ահաբեկչության վարկածը՝ նշելով, որ հարձակվողն ունեցել է անձնական դրդապատճառներ։
Նկատենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի հունիսի 3-ի հայտարարությունը պայմանավորված էր մասնավոր դեպքով, սակայն այն ամբողջովին տեղավորվում է երկկողմ լարվածության տրամաբանության մեջ։ Այս հայտարարությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Իրանում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, հենց դա էր պատճառը, որ Բաքուն բնակչությանը հորդորել է առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Իրան։
Միևնույն ժամանակ կարծում ենք, որ տվյալ միջադեպն Ադրբեջանի համար առիթ և պատրվակ էր, որովհետև վերջին տարիներին Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով խոչընդոտում է իր քաղաքացիների այցելություններն Իրան։ Մասնավորապես Ադրբեջանը կորոնավիրուսային համավարակի պատրվակով փակ է պահում Իրանի հետ ցամաքային սահմանները, ինչպես նաև քաղաքական լարված հարաբերությունների ֆոնին փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, որ Իրանում Ադրբեջանի քաղաքացիների համար անվտանգ չէ, և փորձում է քաղաքական երանգ հաղորդել դրան, իսկ վերջին հայտարարությունը կրկին այս տրամաբանության մեջ է։
Նկատենք, որ չնայած իրանա-ադրբեջանական հարաբերություններում դեռևս որոշակի լարվածություն պահպանվում է, այնուամենայնիվ նախորդ ամիսների համեմատ առկա է որոշակի թուլացում։ Հատկանշական է, որ երկկողմ լարվածությանը զուգահեռ երկու երկրների լրատվամիջոցներում շարունակվում են նաև փոխադարձ մեղադրանքները։
Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ լարվածության թուլացման համատեքստում Իրանի իշխանություններն Ադրբեջանին պարբերաբար հորդորում են պահպանել բարիդրացիական հարաբերությունները, սակայն այդ կոչերը չեն ողջունվում Ադրբեջանի կողմից։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը խորացնում է իր հարաբերություններն Իսրայելի հետ, ինչն անշուշտ դժգոհություն է առաջացնում Իրանում։
Այս համատեքստում կարևոր է նաև, թե Հայաստանն ինչպես կարող է օգտվել իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունից։ Սակայն նախքան այդ հնարավորություններին անդրադառնալը կարևոր է արձանագրել, որ անկախ նրանից, թե ինչ մակարդակում կգտնվեն իրանա-ադրբեջանական հարաբերությունները, հայ-իրանական հարաբերությունները պետք է գտնվեն բարձր մակարդակի վրա և պետք է զարգանան բոլոր ուղղություններով։
Իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունը Հայաստանին որոշ հնարավորություններ է ընձեռում՝ տարբեր ոլորտներում Իրանի հետ հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար։ Այս համատեքստում կողմերի միջև համագործակցության լավ հարթակ կարող է հանդիսանալ քարոզչական դաշտում հայ-իրանական համատեղ պայքարը, քանի որ ադրբեջանական ողջ մամուլը և այդ երկրի վերնախավը, Հայաստանից բացի, այսօր ամենամեծ քարոզչությունը տանում են Իրանի դեմ։ Այս հարցում Հայաստանը և Իրանն ունեն խնդիրը միավորելու և ադրբեջանական քարոզչական դրույթների դեմ համատեղ օրակարգերով հանդես գալու կարիք, անհրաժեշտություն ու հնարավորություն։
Բացի դրանից՝ այլ ոլորտներում նույնպես կան հնարավորություններ, և այստեղ շատ կարևոր է նաև «Հյուսիս-հարավ» միջանցքի զարգացումը, մասնավորապես Հայաստանի տարածքում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցումը։ Սա իր հերթին կնպաստի, որ Հայաստանը դառնա «Հյուսիս-հարավ» միջազգային տարանցիկ միջանցքի երթուղիներից մեկը։
Հավելենք, որ Ադրբեջանի և Իրանի միջև առկա լարվածության ֆոնին քաղաքական առումով նույնպես Իրանի համար նախընտրելի է ունենալ ավելի վստահելի և այլընտրանքային երթուղի, որը կարող է լինել հայկական երթուղին։
Ավելացնել նոր մեկնաբանություն