Թուրքիայի նոր կառավարությունը և նշանակումների առանձնահատկությունները
Թուրքիայում հունիսի 3-ին տեղի ունեցավ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որը մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում հինգ տարի ժամկետով վերընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում։ Էրդողանը նույն օրը ներկայացրեց նոր կառավարության կազմը, որն ուշադրություն գրավեց այն հանգամանքով, որ Թուրքիայի նախագահը փոփոխել էր կառավարության ամբողջ կազմը՝ բացառությամբ երկու նախարարի։
Նկատենք, որ Էրդողանը սովորաբար ընտրություններից հետո փոփոխում է կառավարության կազմը, սակայն սա առաջին դեպքն էր, երբ նա փոխեց գրեթե ամբողջ կառավարությունը։ Թուրքիայի նախագահը նման քայլով փորձում է երկու խնդիր լուծել. առաջինը կապված է երկրի ներքաղաքական կյանքի, մասնավորապես ճգնաժամի հաղթահարման և ներդրումների ներգրավման, իսկ երկրորդը՝ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների հետ, որոնց պայմաններում Թուրքիան փորձում է իր տեղն ու դերն ավելի բարձրացնել։
Հատկանշական էր, որ իրենց պաշտոններում չվերանշանակվեցին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Այս երեք պաշտոնյաներն ավանդաբար եղել են Էրդողանի ամենամտերիմ անձինք, սակայն այս անգամ պատգամավոր են ընտրվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ցուցակով։
Էրդողանի նշանակումներից ամենաուշագրավն արտաքին գործերի նախարարի պաշտոնում Հաքան Ֆիդանի նշանակումն էր, որը մինչև այդ 13 տարի շարունակ զբաղեցնում էր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնը։ Ֆիդանի նշանակումը պայմանավորված է նախևառաջ աշխարհաքաղաքական զարգացումներով, քանի որ ԱՀԾ ղեկավարի պաշտոնում նա կենտրոնացած է եղել այն բանի վրա, որ Թուրքիան կարգավորի և անգամ լավ հարաբերություններ հաստատի իր հարևան ու տարածաշրջանային երկրների, հատկապես Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի հետ։
Կարծում ենք, որ Ֆիդանի նշանակումը վկայում է այն մասին, որ Թուրքիան իր արտաքին քաղաքական կուրսը գերազանցապես կփորձի ուղղել դեպի արևելք, այսինքն՝ դեպի թյուրքական աշխարհ, արաբական երկրներ։ Հավանաբար Թուրքիայում չգտնվեր որևէ այլ պաշտոնյա, որը նրանից լավ և ամբողջապես կտիրապետեր տեղի ունեցող զարգացումներին։
Բացի դրանից՝ ներկայումս էրդողանական Թուրքիան իր առջև դրել է նոր Թուրքիայի տեսլականը, ըստ որի՝ երկիրն առնվազն պետք է լինի տարածաշրջանային գերտերություն, և Ֆիդանի նշանակումը միտված է սրան, քանի որ նա, լավագույնս տիրապետելով իրավիճակին, կարող է Թուրքիայի համար այդ բոլորն ապահովել։ Միևնույն ժամանակ Հաքան Ֆիդանը համարվում է Էրդողանի հնարավոր քաղաքական ժառանգորդներից մեկը, որին գործող նախագահը պատրաստվում է փոխանցել իր իշխանությունը։
Թուրքիայի կառավարության առաջին ուղերձներից պարզ դարձավ, որ Անկարան նայելու է դեպի արևելք, որտեղ կարևոր տեղ է հատկացվելու թյուրքալեզու երկրների հետ համագործակցությանը։ Այս պարագայում Հայաստանի նկատմամբ գործադրվող ճնշումներն էլ ավելի կմեծանան, և Թուրքիան ՀՀ-ից կփորձի կորզել առավելագույնը։
Բացի դրանից՝ նկատենք, որ Էրդողանը նոր կառավարության կազմում չի ընդգրկել հակաարևմտյան տրամադրություններ ունեցող գործիչներին, մասնավորապես ներքին գործերի նախկին նախարար Սուլեյման Սոյլուին, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ բավականին կոշտ հռետորաբանությամբ էր հանդես գալիս։ Սրանից կարելի է ենթադրել, որ Էրդողանը փորձում է կարգավորել նաև Արևմուտքի հետ հարաբերությունները, որոնք վերջին տարիներին բավականին լարվել են։
Հեղինակ՝ Դավիթ Գույումջյան
Ավելացնել նոր մեկնաբանություն