DETQ

Իրանի և Պարսից ծոցի հարավային ափամերձ երկրների միջև համագործակցության նոր էջ է բացվել

ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Պարսից ծոցի ափամերձ չորս երկիր կատարած այցի ավարտին լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադարձել է Իրանի և վերոնշյալ երկրների փոխգործակցությանը տարածաշրջանային նշանակության համատեքստում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

«Իրանի և Պարսից ծոցի հարավային ափամերձ երկրների համագործակցությունը նոր էջ է բացել տարածաշրջանի հետ հարաբերություններում, և Իրանն այդ երկրներից յուրաքանչյուրում օրակարգ է մտցրել երկկողմանի հարցեր»,- նշել է նա։

Աբդոլլահիանը հայտնել է, որ Կատարում, Օմանում, Քուվեյթում և Արաբական Միացյալ Էմիրություններում քննարկում և մտքերի փոխանակում է տեղի ունեցել առևտրային, տնտեսական, զբոսաշրջության ու գիտատեխնիկական ոլորտներում  համագործակցության և երկու կողմերին հուզող թեմաների շուրջ։ Նրա խոսքով՝ այս ուղևորության ընթացքում օրակարգում է եղել նաև խորհրդարանական դիվանագիտության հարցը։

Իրանի գլխավոր դիվանագետն Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Օման և Քուվեյթ կատարած ուղևորության ընթացքում այս երկրների պաշտոնյաների հետ քննարկել է նաև երկկողմ փոխգործակցության զարգացման հետ կապված հարցեր:

#Դետքի_հետագծով

Իրանը մեծ կարևորություն է տալիս Պարսից ծոցի տարածաշրջանի հետ հարաբերությունների խորացմանը և այս տարածաշրջանում իր ազդեցության մեծացմանը։ Նման կերպ Իրանը փորձում է հակակշռել նաև իր գլխավոր հակառակորդ Միացյալ Նահանգների ազդեցությունը, որը նույնպես իր շահերն է հետապնդում այս տարածաշրջանում։

Ավելացնել նոր մեկնաբանություն