Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանները չեն փոխվել, պարզապես լրացուցիչ տեխնիկա է ձեռք բերվել. Փաշինյան
Սերժ Սարգսյանը 2017-ի նոյեմբերին հարցազրույցում հայտարարել է, որ մենք պատրաստակամություն ենք հայտնել թողնել բոլոր 7 շրջանները, բայց Ադրբեջանն ամեն անգամ նոր պահանջներ էր առաջ քաշում: Այսինքն՝ ո՞րն է նոր պահանջը, դա այն է, որ պահանջում են Ղարաբաղը ներառյալ: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին․ «Եթե մենք 7 շրջանները և Ղարաբաղը տայինք, ես վստահ չեմ, որ դա մեզ շանս չէր տա պատերազմից խուսափելու»:
«Բանակի հետ կապված, ըստ էության, հետևյալն է արվել. արդյոք մարտունակության վիճակի մասին եղել են քննարկումներ: Այո, եղել են, և ես մինչև ներառյալ 2020-ի օգոստոսը ստացել եմ հավաստիացում, որ իհարկե, շատ դժվար է լինելու, բանակը իր առջև դրված խնդիրը կատարելու է: Սա արձանագրում չէ, որ ուղղակի ի գիտություն է ընդունվել: 2018-ին ես որդեգրել եմ «ամեն ինչ բանակի համար» քաղաքականությունը:
Արդեն 2019-ին էականորեն բարձրացել են բանակում աշխատավարձերը, իրականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներ: Շատ է խոսվում այն մասին, որ իմ՝ վարչապետ դառնալուց հետո սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանները փոխվել են, ձևախեղվել են: Ոչ մի բան չի փոխվել, պարզապես լրացուցիչ այլ տեխնիկա է ձեռք բերվել:
Բացառված է, որ որևէ մեկը հիշի դեպք, որ բանակը կառավարության առջև դրել է խնդիր, և դա չի լուծվել այն պատճառով, որ փող չկա: Բայց շատ խնդիրների լուծում միայն փողի հետ չի կապված»,- ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով բանակին:
Ավելացնել նոր մեկնաբանություն