DETQ

«Վագներ» ՄՌԿ-ի խռովությունը ՌԴ-ում. պատճառները և հետևանքները

Հունիսի 24-ին Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը մեկօրյա զինված խռովություն բարձրացրեց, որը մինչև օրս շարունակում է մնալ լրատվամիջոցների և փորձագետների ուշադրության կենտրոնում։ 

Մասնավորապես Պրիգոժինը հայտարարեց, որ վերահսկողության տակ է վերցրել Դոնի Ռոստովում գտնվող ռազմական օբյեկտները և որոշել է հասնել Մոսկվա։ Նա մեղադրեց Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, «ռուս ժողովրդի ցեղասպանության» և Ուկրաինայում ռուսական ռազմական արշավը ձախողելու մեջ և հայտարարեց «արդարության երթ» դեպի Մոսկվա։ Նույն օրը՝ ուշ երեկոյան, Պրիգոժինը և Ռուսաստանի իշխանությունները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերեցին, ինչի արդյունքում դադարեցվեց «Վագների» մարտիկների երթը դեպի Մոսկվա։ Ռուսաստանի իշխանությունները պարտավորվել են կասեցնել Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը և քրեական հետապնդում չիրականացնել ապստամբության մասնակիցների նկատմամբ։

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության իրականացրած խռովության վերաբերյալ փորձագետների կարծիքները հիմնականում բաժանվում են երկու խմբի։ Փորձագետների մի մասը կարծում է, որ այս ապստամբությունն իրականում կազմակերպվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թողտվությամբ` հատկապես ուժայինների շրջանում ներքին թշնամիներին բացահայտելու նպատակով: Այս տեսակետի կողմնակիցներն իրենց կարծիքը հիմնավորում են այն հանգամանքով, որ Պրիգոժինը փաստացի պատասխանատվության չենթարկվեց և անվտանգության երաշխիքներ ստանալով՝ հեռացավ Բելառուս:

Փորձագետների մյուս մասը կարծում է, որ Պրիգոժինի խռովության հետևում իրականում կանգնած են արևմտյան երկրները, մասնավորապես ԱՄՆ-ն: Նրանց համոզմամբ՝ այս խռովությունը կազմակերպվել էր, որպեսզի Ռուսաստանի իշխանությունները ռուսական ուժերի մի մասը դուրս բերեն Ուկրաինայի տարածքից, ինչն էլ իր հերթին ուկրաինական ուժերին ճեղքում իրականացնելու և հակահարձակման ժամանակ զգալի հաջողություններ արձանագրելու հնարավորություն կտար: Նկատենք, որ վերջին շաբաթներին ուկրաինական ուժերը ճակատի երկայնքով հակահարձակման են անցել, սակայն նրանց դեռևս չի հաջողվել նկատելի ձեռքբերումներ ունենալ։

Հատկանշական է, որ երկու տեսակետի կողմնակիցներն էլ կարծում են, որ Պրիգոժինի բարձրացրած ապստամբությունն իրականում նախագիծ էր, որը նա չէր կարող իրականացնել սեփական նախաձեռնությամբ, և նրանք վիճում են այն հարցի շուրջ՝ արդյոք այդ նախագիծը հովանավորվել է երկրի ներսի՞ց, թե՞ դրսից։ Սակայն փորձագետները նաև համակարծիք են, որ անկախ այն բանից, թե այս ապստամբությունն ում կողմից էր հովանավորվել, Ռուսաստանի իշխանությունները, մասնավորապես նախագահ Վլադիմիր Պուտինը, բոլոր դեպքերում չափազանց մեծ գին վճարեցին դրա համար։

Նկատենք, որ մեկօրյա ապստամբությունը փաստեց՝ ռուսական զինված ուժերի դիմադրողականությունը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա։ Բացի դրանից՝ Պրիգոժինի գործողությունները ցույց տվեցին, որ եթե Ռուսաստանի ներսում նման ապստամբություն բռնկվի, չկա մի ուժային կառույց, որն ի զորու կլինի դիմագրավելու այն։ Նման իրավիճակը չի բխում հատկապես պատերազմական իրավիճակում գտնվող երկրի շահերից, քանի որ սա ուղերձ է նաև ուկրաինական ուժերի համար, որ եթե նրանք կարողանան այդ հատվածում ճեղքում իրականացնել, ապա Ռուսաստանի ներսում անվերահսկելի իրավիճակ կստեղծվի։

Ռուսաստանում հետագա իրադարձություններից պարզ կլինի, թե ապստամբության վերաբերյալ հնչեցված տեսակետներից ո՞րն է առավել իրատեսական։ Եթե Ռուսաստանի իշխանությունները պաշտոնանկություններ և կադրային ջարդ սկսեն, ապա սրանից կարող ենք ենթադրել, որ Պրիգոժինի ապստամբությունն իրականում կազմակերպվել էր հենց նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ անցանկալի անձանցից ձերբազատվելու համար, իսկ եթե ռուսական կողմը դուրս բերի իր ուժերի մի մասն ուկրաինական տարածքներից, ապա սրանից պարզ կլինի, որ ապստամբությունը կազմակերպվել էր Արևմուտքի հովանավորությամբ։ 

Սակայն միանշանակ է, որ այս ապստամբությունը ցույց տվեց այն խորքային խնդիրները, որոնց առջև այսօր կանգնած է Ռուսաստանը, և եթե դրանք շատ կարճ ժամկետում չվերացվեն, ապա նմանատիպ զարգացումների կրկնությունը չի բացառվում, ինչը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

5454
ԻՀՊԿ-ն ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել
detq
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները
detq
Իրանն Իսրայելից իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար կձեռնարկի բոլոր միջոցները․ Իրանի ԱԳՆ
detq
Հարավային Կովկասի գործընթացներն ազդում են Իրանի անվտանգության վրա․ Իրանի նախկին ՊՆ
f
ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է Ռայիսիի մահվան պատճառով
detq
Արաղչին վստահեցնում է՝ Իրանն Իսրայելի վերջին հարձակման պատասխան հարվածից չի հրաժարվել