Առաջիկայում կհայտարարվի Էրդողան-Ասադ հանդիպման ամսաթիվը. Սիրիայում Պուտինի հատուկ բանագնաց
Սիրիայում Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է, որ ներկայումս Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու և երկու երկրների նախագահների հանդիպման ամսաթիվը հստակեցնելու ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է կատարվում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Լավրենտևն ասել է արաբական «Al Arabiya» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ռուս բանագնացն ընդգծել է, որ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հետ կապված դժվարություններ կան, այդ թվում՝ սիրիական տարածքում թուրքական ռազմական ներկայությունը։
Անդրադառնալով Սիրիայի տարածքում գտնվող միջազգային ճանապարհների վերաբացմանը՝ Լավրենտևը հայտնել է, որ այս ուղղությամբ նույնպես աշխատանքները շարունակվում են։ Նրա խոսքով՝ Թուրքիան պարտավորություն է ստանձնել իր զինված խմբավորումները դուրս բերել M-4 մայրուղուց 6 կիլոմետր հեռավորության վրա։
Բացի այդ ՌԴ նախագահի հատուկ բանագնացը տեղեկացրել է, որ որոշ դժվարություններ կապված են Թուրքիայի և Սիրիայի հիշյալ տարածքները վերահսկող խմբերի միջև հարաբերությունների հետ և այդ աշխատանքը բավականին բարդ է։
#Դետքի_հետագծով
Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները խզվել են 2011 թվականից, երբ Սիրիայում մեկնարկեց քաղաքացիական պատերազմը, որտեղ Էրդողանը, ով նախքան դա բավականին ջերմ հարաբերություններ ուներ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ, սկսեց աջակցել վերջինիս դեմ պայքարող զինված խմբավորումներին։ Սակայն հատկապես Ռուսաստանի և Իրանի աջակցության շնորհիվ Ասադին հաջողվեց պահպանել իր իշխանությունը և վերականգնել հսկողությունը երկրի տարածքների մեծ մասի նկատմամբ։
Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով բանակցությունները մեկնարկել են դեռևս 2021 թվականից, սակայն այս հարցում հիմնական խոչընդոտն այն է, որ սիրիական կողմը Թուրքիյայից պահանջում է իր զորքերը դուրս բերել Սիրիայի տարածքից, մինչդեռ Էրդողանը մտադիր չէ այս պահանջը կատարել՝ պնդելով, որ դրա կատարումը անվտանգային սպառնալիքներ կստեղծի Թուրքիայի համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն